Лиана Дарбинян – одна из лучших учеников ИТ-сектора РА 2023-2024 гг.
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիրի» ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Լիանա Դարբինյանը Հայաստանի Հանրապետության ՏՏ ոլորտի «Լավագույն աշակերտ» անվանակարգում արժանացել է 1-ին կարգի կրթական պարգևի։ Մրցանակաբաշխությունը, որը կրում էր «Ճանաչել լավագույններին, խանդավառել հաջորդներին» կարգախոսը, կազմակերպել էր «Սինոփսիս Արմենիա» ընկերությունը։
Մենք զրուցել ենք Լիանայի հետ՝ պարզելու նրա նախասիրություններն ու ապագային մասին պատկերացումները։
- Որո՞նք են եղել դպրոցական տարիների Ձեր ամենամեծ ձեռքբերումները։
- 2022 թվականին, երբ սովորում էի 10-րդ դասարանում, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի կազմակերպած «Ռուսերենը որպես օտար լեզու» 3-րդ միջազգային առցանց օլիմպիադայում առաջին տարիքային խմբում զբաղեցրել եմ 3-րդ հորիզոնականը։ Մասնակցել եմ նաև «Ռուսական տանը» անցկացված «Մեծ էթնոգրաֆիկ թելադրություն 2023-ին» ՝ հավաքելով 100 միավորից 99-ը, որը շնորհիվ զբաղեցրել եմ 2-րդ հորիզոնականը։ Այս տարի արդեն ՏՏ ոլորտի «Լավագույն աշակերտ» անվանակարգում ստացել եմ 1-ին կարգի մրցանակ։ Իմ ուսումնական հաջողությունների համար մեր դպրոցի կողմից արժանացել եմ նաև կրթաթոշակի։
- Ի՞նչ է պետք լավ աշակերտ լինելու համար։
–Լավ աշակերտ լինելու համար առաջին հերթին պետք է աշխատասիրություն և ձգտում։ Ես կարծում եմ, որ լավ աշակերտ լինելը դժվար չէ։ Չի կարելի առաջին իսկ անհաջողության դեպքում հանձնվել, պետք է ցանկանալ, ձգտել ու հասնել։ Եթե դու իսկապես որևէ բան ուզում ես, դու դրան հասնում ես։
- Որո՞նք են Ձեր սիրելի առարկաները։
- Իմ սիրելի առարկաներն են «Ֆիզիկան», «Հանրահաշիվը» և «Գրականությունը»։ Շատ տարբեր առարկաներ են, սակայն ամեն մեկը սիրում եմ յուրովի։ «Գրականությունը», օրինակ, իմ հոգու առարկան է, «Ֆիզիկան»՝ կյանք է, իսկ «Հանրահաշիվը»՝ պարզապես լավ է ստացվում։
- Ինչպե՞ս եք գնահատում դպրոցում Ձեր ստացած կրթությունը։
- Շատ լավ։ Այստեղ ստեղծված են հիանալի պայմաններ երազանքներին հասնելու համար։ Մեր կրթական գործընթացը կազմակերպելու համար դպրոցում աշխատում են շատ լավ մասնագետներ, իսկ դասընթացներն իրականացվում են շատ հետաքրքիր ու մատչելի։ Կարևոր նշանակություն ունի նաև մթնոլորտը, որ ԳԱՈՒՍ–ում ջերմ ու մտերմիկ է։
- Որոշե՞լ եք, թե որ ոլորտում եք շարունակելու Ձեր կրթությունը։
-Այո, որոշել եմ ընտրել իրավաբանությունը։ Իրականում, դա իմ մանկության երազանքն է։ Ես կարծում եմ, որ իրավաբանների կարիք միշտ լինելու է, իսկ ինձ մոտ դա հաստատ կստացվի։