Внутришкольный чемпионат по футболу
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիրում» կայացել է ամենամյա ֆուտբոլի ներդպրոցական առաջնությունը։
Այս տարի թեժ պայքարի խաղադաշտ է դուրս եկել 5 խումբ՝ ընդհանուր թվով 36 դասարանի թիմեր։
Կայացած ընտրական, կիսաեզրափակիչ և եզրափակիչ փուլերի արդյունքներն հետևյալն են․
1-ին խմբի գավաթակիրն է 2-րդ ԴԵ դասարանների թիմը։
«Առաջնությանը շատ ենք սպասել և սկսվել ենք պատրաստվել առաջին իսկ օրվանից։ Իմ կարծիքով՝ մենք լավ խաղ ցույց տվեցինք, քանի որ չհանձնվեցինք ու չկորցրինք վստահությունը։ Ես գիտեմ, որ լավ սպորտսմենին ուժ ու գիտելիք է պետք, և վստահ եմ, որ մյուս տարի ևս մենք ենք հաղթելու»–մեզ հետ զրույցում ասել է թիմի ավագ Առնո Կարապետյանը։
2-րդ խմբի գավաթակիրն է 4-րդ ա դասարանի թիմը։
Չեմպիոնական թիմի համար առաջնայինը հետաքրքիր խաղ ունենալն ու խաղից հաճույք ստանալն էր։
«Մենք շեշտը դրել էինք թիմային խաղի և միասնության վրա։ Խաղը բոլորիս դրական էներգիա էր փոխանցում, մենք ոգեշնչված ենք և մտածում ենք, որ հաջորդ տարի նույնպես արժանանալու ենք գավաթին»,– նշել են թիմի անդամները։
3-րդ խմբի գավաթակիրն է 6-րդ ա դասարանի թիմը։
Թիմի հարձակվող Արեն Գրիգորյանն ու պաշտպան Արայիկ Ղուկասյանը մեզ հետ զրույցում ասել են, որ առաջնությանը պատրաստվելու ընթացքում քիչ–քիչ ակնհայտ էին դառնում այն աշակերտները, որոնք լինելու էին դաշտում։
«Պարբերաբար մարզվելու շնորհիվ անցկացրած 3 խաղերի ընթացքում թիմին հաջողվել է 15 անգամ գրավել հակառակորդի դարպասը։ Ցուցաբերած համառության շնորհիվ մենք արժանացել ենք երկար սպասված գավաթին, որն ամեն օր դասարան մտնելիս հիշեցնում է չհանձնվելու և մինչև վերջ պայքարելու մասին»,- պատմել են չեմպիոնները։
4-րդ խմբի գավաթակիրն է 8-րդ դասարանի թիմը։
Թիմի ավագ Հրանտ Գաբրիելյանը մեզ հետ զրույցում հիշեցրել է, որ իրենց թիմը նախորդ տարի ևս դարձել է չեմպիոն։
«Այս տարվա թիմի կորիզը նախորդ՝ չեմպիոնական թիմի անդամներն են, որոնք արդեն ճանաչում էին միմյանց։ Բացի դրանից՝ մենք հաճախում ենք ֆուտբոլի խմբակ և շատ ժամանակ ենք տրամադրում մարզումներին։ Ըստ իս՝ հաղթանակը հնարավոր դարձավ շատ լավ պատրաստվելու, դաշտում բնավորություն և կամքի ուժ ցուցաբերելու, ինչպես նաև խիստ կարգապահության շնորհիվ։ Հենց կարգապահությունն է սովորեցնում կառավարել նյարդերն ու կենտրոնանալ խաղի վրա»,– ասել է Հրանտը։
5-րդ՝ աղջիկների խմբի գավաթակիրն է 6-րդ ա դասարանի թիմը։
Առաջնության ընթացքում անցկացրած 2 խաղերի արդյունքում 6-րդ ա դասարանի աղջիկների թիմը 6 անգամ գրավել է հակառակորդ թիմերի դարպասներն ու ոչ մի գոլ բաց չի թողել։
«Առաջնության օրը դեռ հայտարարված չէր, իսկ մենք արդեն սկսել էինք պատրաստվել։ Ճիշտ էինք գնահատում հակառակորդին, ու լարվածություն կար, քանի որ գիտեինք նրանց լավ խաղացողներին։ Բայց խաղի ընթացքում կարողացանք կառավարել նյարդերը, խաղացինք որպես մեկ միասնական թիմ ու հաղթանակ նվաճել»,– ասել է թիմի պաշտպան Նատալի Աքսյանը։
«Մեր թիմի մեծ մասը առաջին անգամ էր մասնակցում առաջնությանը։ Թիմի անդամներից մեկը չէի ուզում խաղալ, սակայն մենք նրան համոզեցինք ու նա, առաջին անգամ դաշտ մտնելուն պես խփեց իր առաջին գոլը»,– պատմել է թիմի կիսապաշտպան Սոֆիա Չալաբյանը։
«Երբ ամեն օր դասարան ենք մտնում ու տեսնում ենք մեր նվաճած գավաթը, հպարտություն ենք զգում, որ առաջին անգամ դաշտ մտնելով՝ այնտեղից գավաթով ենք դուրս եկել»,– եզրափակեցին առաջնության չեմպիոն աղջիկները։
Մենք շնորհավորում ենք Առաջնությանը մասնակցած բոլորի թիմերին։