«Образовательная мотивация». панельная дискуссия в ГА УСК

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիրի» տարրական դպրոցում տեղի է ունեցել պանելային քննարկում «Ուսումնական մոտիվացիա» խորագրով։ Քննարկման բանախոսներն էին տարրական դպրոցի դասվար Տաթև Ասատրյանը, հոգեբան Սուսաննա Գրիգորյանը, ուսուցչի օգնական Մանե Բաբաջանյանը, 4-րդ դասարանի աշակերտ Դավիթ Թադևոսյանը և հրավիրյալ հյուրեր՝ ԳԱՈՒՍ–ում սովորող երեք աշակերտների ծնող Անի Սարգսյանն ու Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի սկզբնական կրթության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի Արուս Այվազյանը։

Միջոցառման սկզբում քննարկումը վարող դասվարներ Անի Բաղդասարյանն ու Անահիտ Մանուկյանը ներկայացրին բանախոսներին ու նշեցին, որ ժամանակակից կրթության հիմնական մարտահրավերն աշակերտներին մշտապես մոտիվացված պահելն է։

«Այսօր մենք քննարկելու ենք ուսումնական մոտիվացիայի մասին մի շարք հարցեր, 21–րդ դարում այս ոլորտում առկա խնդիրները, որոնց լուծման համար կարևոր է իրականացնել մոտիվացիա, ինչի շնորհիվ բարձրանում է երեխաների` սիրով սովորելու ցանկությունը և նոր նվաճումների ձգտումը»,– նշեց Անի Բաղդասարյանը։

Դասվար Տաթևիկ Ասատրյանը, հիշելով պարսիկ բանաստեղծ-մորալիստ Սաադիի խոսքերն, ասաց, որ առանց ցանկության սովորող աշակերտը նման է թևեր չունեցող թռչունի, հետևաբար անհրաժեշտ է յուրաքանչյուր աշակերտի մոտ առաջին հերթին  զարգացնել սովորելու ցանկությունը։

Երեք աշակերտների ծնող Անի Սարգսյանը շեշտեց, որ յուրաքանչյուր տարիքում էլ մոտիվացիան կարևոր է, քանի որ մարդ պիտի գիտակցի, որ ձեռքբերած յուրաքանչյուր գիտելիք, ապագայում այսպես թե այնպես պետք է գալու։

ԳԱՈՒՍ–ի հոգեբան Սուսաննա Գրիգորյանը, խոսելով ժամանակակից աշխարհում երեխաներին մոտիվացնելու խնդիրների մասին, առաջարկեց ուսումը դարձնել տոն։

Ուսուցչի օգնական Մանե Բաբաջանյանը, հիշելով ամերիկացի գյուտարար և գործարար Թոմաս Էդիսոնի այն խոսքերը, որ քաղաքակրթության մեծագույն առաջադրանքը մարդուն մտածել սովորեցնելն է, նշեց,– «Երեխային մոտիվացնող խոսքեր ասելուց զատ, կարևոր է ուղղորդել նրան, օգնել, ցույց տալ, որ մենակ չէ։ Միայն այդ դեպքում մենք կարող ենք հաջողել»։

«Ուսումնական գործընթացքի հանդեպ պետք է ձևավորել տոնի գաղափար, որպեսզի երեխան ցանկանա սովորել։ Դպրոց ընդունվելը, նոր դասարան տեղափոխվելը, քննությունները երեխայի համար պիտի լինեն որևէ տոն նշելու պես, այլ ոչ թե վերածվեն տագնապային փոփոխությունների»,- ասաց նա։

Քննարկումների ընթացքում արծարծվող հարցերի վերաբերյալ իրենց կարծիքն հայտնեցին նաև ուսումնառողները՝ հրավիրյալ ուսանողն ու ԳԱՈՒՍ–ի աշակերտը։ Նրանք համամիտ են, որ սովորել հնարավոր է միայն սիրելու միջոցով, իսկ ստիպողաբար սովորեցնելը անօգուտ է։

Եզրափակելով պանելային քննարկումը՝ Անահիտ Մանուկյանն ասաց, որ  21-րդ դարում հասարակությանն անհրաժեշտ է անհատ, ով ի վիճակի է ինքնուրույն որոշումներ կայացնել, պատրաստ է ինքնակրթվել և համագործակցել
,– «Ժամանակակից կյանքին զուգընթաց քայլելու համար պետք է մշտապես լինել մոտիվացված»։