Давид, где ты?
«Արմմոնո Plus» 8-րդ միջազգային թատերական փառատոնի շրջանակներում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիրի» թատերախմբի գեղարվեստական ղեկավար, դերասան Արմեն Քուշկյանը հանդես է եկել «Սասունցի Դավիթ» նոր մոնոներկայացմամբ։
Ներկայացման միտքը տվել է «Արմմոնո» թատերական փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը, իսկ բեմադրիչն է ՀՀ վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյանը։ Ըստ նրանց՝ մոնոներկայացման ուղերձն այն է, որ մեզ պետք են Դավիթներ։
Մենք զրուցել ենք Ա․Քուշկյանի հետ՝ բացահայտելու նրա մարմնավորած «Սասունցի Դավթին» ու նրա կերպարի նշանակությունը։
- Ինչո՞ւ որոշեցիք մարմնավորել Սասունցի Դավթին։
Այսօր շատ է խոսվում այն մասին, թե ով է մեր հերոսը։ Մենք չենք գտնում հերոս, որը պիտի լինի օրինակելի մեր երիտասարդության համար։ Սակայն նա կա՝ Սասունցի Դավիթն է՝ իր ծռությամբ, միամտությամբ, ազնվությամբ և հայրենասիրությամբ։ Ներկայացման նպատակն այն է, որ մենք ինքներս մեզ պատմենք մեր մասին։ «Սասնա Ծռերը» մեր մասին է, մեր անցյալի և առավել ևս մեր ներկայի։ Սասունցի Դավիթը, ով մի թրով ու մի ձիով միայնակ գնում է հզոր թշնամու դեմ կռվելու, մեր այսօրվա զինվորի մարմնացնում է, ով մի նռնակով կամ մի փամփուշտով ելնում է հազարավոր ոսոխների դեմ։
- Ի՞նչ նպատակ ունի ներկայացումը։
Ներկայացումը կոչ է՝ չմոռանալ, արթնացնել մեր միջի Դավթին։ Մենք պիտի գիտակցենք, որ մենք Դավիթներ ենք, ոչ թե Վերգոներ ու Օհաններ։ Այո, նրանք էլ կան մեր մեջ, բայց մենք պիտի կռիվ անենք, ոչ թե սիրաշահենք կամ դատարկաբանենք։ Ներկայացման գլխավոր իմաստն հանգում է հենց այս հարցին՝ «Դավիթ, ո՞ւր ես»:
- Ո՞րն է ներկայացման խրատական կողմը։
Ներկայացումը նախատեսված է հատկապես դպրոցականների համար, որոնք պիտի գտնեն ու արթնացնեն իրենց միջի Դավթին։ Ասեմ, որ թատրոնը պարզապես ներկայացում բեմադրելու առարկա չի։ Թատրոնը մտածողություն ձևավորելու, դիրքորոշում ունենալու առարկա է։ Այն ինքդ քեզ գտնելու և քո գտածը դիմացինին ներկայացնելու առարկա է։ Աշակերտական ներկայացումների բեմադրելիս ես շատ եմ խոսում ու պատմում արժեքների ու գաղափարների մասին, որոնք միտված են նոր սերնդի մեջ Դավթի նման իսկական հերոսներ ձևավորելուն։