А. Григорян поздравил театральную труппу ГАУС с получением Гран-при.

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի տնօրեն Ալեքսանդր Գրիգորյանը հյուրընկալել է ԳԱՈՒՍ թատերախմբի անդամներին և գեղարվեստական ղեկավարին՝ շնորհավորելու նշանակալի հաղթանակի կապակցությամբ։

Հիշեցնենք, որ ԳԱՈՒՍ թատերախումբը մասնակցել է Սանկտ Պետերբուրգում կայացած Բրյանցևի անվան պատանեկան թատերական միջազգային 26-րդ փառատոնին և արժանացել է գլխավոր մրցանակի՝ Գրան պրիի։

Այս առիթով Հիմնարկի տնօրենը և նրա տեղակալներն իրենց շնորհավորանքներն են փոխանցել հաղթողներին և շնորհակալություն հայտնել՝ Հայաստանի ու դպրոցի անունը միջազգային հանրահայտ միջոցառման ընթացքում բարձր պահելու համար։

Տնօրեն Ա Գրիգորյանը նշել է, որ այս հաղթանակը շատ սպասված էր, և այն հնարավոր դարձավ թիմային աշխատանքի շնորհիվ։ Նա շեշտել է «Միջազգային փառատոնին մասնակցելը և հաղթելը, առաջին հերթին, ձևավորում է հաղթողի հոգեբանություն, որը ձեզ կուղեկցի ամբողջ կյանքում։ Վստահ եմ՝ հաջողություններն ու ձեռքբերումները շարունակական են լինելու»։

ԳԱՈՒՍ թատերախմբի գեղարվեստական ղեկավար Արմեն Քուշկյանը ներկայացրել է Բրյանցևյան փառատոնի ընթացքը՝ ընդգծելով, որ այն կազմակերպված էր շատ բարձր մակարդակով, և միջազգային ժյուրիի կազմում ընդգրկված էին ոլորտի լավագույն մասնագետները։ Նա նշել է, որ աշակերտներն առաջին անգամ չէին խաղում «Ոսկե ձկնիկը», սակայն այս խաղը եղել է յուրահատուկ և տարբերվող։

Դպրոցի լրացուցիչ կրթության պատասխանատու Թամարա Բաղդասարյանը նշել է, որ փառատոնին մասնակցելու համար կատարվել է մեծ աշխատանք, և արդյունքներն ակնհայտ են։ Նա պատմել է, որ ներկայացումից հետո թատերախումբը մինչ օրս շարունակում է ստանալ գովեստի և հիացմունքի խոսքեր՝ թե՛ ժյուրիի, թե՛ փառատոնի մյուս մասնակիցների կողմից։

Հանդիպման ընթացքում իրենց կարծիքներով ու տպավորություններով են կիսվել նաև թատերախմբի անդամները՝ նշելով, որ փառատոնի ամենակարևոր ձեռքբերումը ոչ այնքան հաղթանակն էր, որքան այն մտերմությունն ու ընկերությունը, որ ձևավորվեց և խորացավ խմբի անդամների միջև։

Սաներին իրենց շնորհավորական խոսքն են հղել նաև տնօրենի տեղակալները՝ մաղթելով նոր բեմեր և ավելի մեծ հաղթանակներ։ Նրանք շնորհակալություն են հայտնել թատերախմբի ուղեկիցներին, ինչպես նաև սաների ուսուցիչներին ու ծնողներին՝ այս ձեռքբերման մեջ ունեցած իրենց ներդրման համար։

Հանդիպման ավարտին Ա Քուշկյանը շնորհակալություն է հայտնել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի ղեկավարությանը՝ ի դեմս տնօրենի՝ ընդգծելով, որ այս ամենը հնարավոր է դարձել վստահության և մշտական աջակցության շնորհիվ։