Лучших студентов поощряли

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկում տեղի է ունեցել ուսումնական տարվա ընթացքում բարձր առաջադիմություն և նշանակալի արդյունքներ ցուցաբերած աշակերտների՝ ուսման վարձի զեղչով և արտոնություններով խրախուսման արարողությունը։

Արարողությանը ներկա էին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ գլխավոր տնօրեն Աշոտ Հակոբյանը, աշխատակազմի ղեկավար-գործերի կառավարիչ Վահե Ստեփանյանը, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի ղեկավարությունն ու վարչակազմը, մանկավարժները, աշակերտներն ու նրանց ծնողները։

Շնորհավորելով աշակերտներին՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ գլխավոր տնօրեն Աշոտ Հակոբյանը ընդգծել է, որ կրթությանն ու նոր սերնդի զարգացմանն աջակցելը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի գործունեության կարևոր և երկարաժամկետ ուղղություններից են։

«Մենք համոզված ենք, որ կրթության մեջ կատարվող յուրաքանչյուր ներդրում ներդրում է նաև երկրի ապագայի համար։ Այսօր ձեզ շնորհվող արտոնությունները ձեր կատարած աշխատանքի և արձանագրած արդյունքների վկայությունն են։ Միաժամանակ դրանք վստահության արտահայտությունն են ձեր հետագա ճանապարհի նկատմամբ»,- ասել է նա։

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ աշխատակազմի ղեկավար-գործերի կառավարիչ Վահե Ստեփանյանը, միանալով շնորհավորանքներին, նշել է, որ այս ավանդույթը շարունակական է լինելու և հասնելու է իր բուն նպատակին՝ խրախուսել ավելի շատ երեխաների և նրանց օրինակ դարձնել մյուսների համար՝ մոտիվացնելով ավելի լավ սովորել։

«Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էմին Սանթրոսյանը նշել է, որ կրթահամալիրում կարևորում են ոչ միայն բարձր ակադեմիական արդյունքները, այլև աշակերտների անհատական զարգացումը, նախաձեռնողականությունը, պատասխանատվությունը և իրենց կարողությունները տարբեր ոլորտներում դրսևորելու հնարավորությունը։

«Սիրելի՛ աշակերտներ, այսօր բեմում կանգնած յուրաքանչյուրիդ ձեռքբերումն արժանի է գնահատանքի։ Ձեր արդյունքները նաև օրինակ պիտի ծառայեն ձեր դասընկերներին՝ կատարելագործվելու, զարգանալու և սեփական նպատակներին հասնելու համար»,- ընդգծել է նա՝ վկայականներն աշակերտներին հանձնելուց առաջ։

Պաշտոնական ելույթներից հետո Համալիրի 71 լավագույն աշակերտներ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ գլխավոր տնօրեն Աշոտ Հակոբյանի և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էմին Սանթրոսյանի կողմից ստացել են վկայականներ՝ որպես աշխատասիրության, պատասխանատվության, նպատակասլացության և ուսման նկատմամբ հետևողական վերաբերմունքի գնահատանքի նշան։

Ըստ վկայականների՝ այս ուսումնական տարում 67 աշակերտի տրամադրվելու է ուսման վարձի 15 տոկոս զեղչ, 1 աշակերտի՝ 40 տոկոս, իսկ 2 աշակերտի՝ 55 տոկոս զեղչ։ Արդեն չորրորդ տարին շնորհվող՝ երջանկահիշատակ Հրանտ Թադևոսյանի անվան կրթաթոշակն այս տարի ևս շնորհվել է Էրիկ Հասրաթյանին՝ ընձեռելով ուսման վարձի 90 տոկոս զեղչ։