УСК для Фонда помощи многодетным семьям Кашатаха имени Гургена Меликяна
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկն ամանորյա բարեգործական ցուցահանդես-տոնավաճառից գոյացած հասույթի մեծ մասը, որը հավաքագրվել է ԳԱՈՒՍ–ի աշխատակիցների կողմից, տրամադրել է «Գուրգեն Մելիքյանի՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքներին հիմնադրամին»։
Հավաքագրված միջոցները հանձնելու համար Հիմնարկի տնօրեն Ալեքսանդր Գրիգորյանը հյուրընկալել էր Հիմնադրամի նախագահ, բանասիրական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի բազմամյա դեկան Գուրգեն Մելիքյանին և Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի բազմամյա դեկան, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Արծրուն Ավագյանին։
Տնօրենը շնորհակալություն է հայտնել Հիմնադրամին ծավալած գործունեության համար և մաղթել, որ այդ գործունեությունը դեռ երկար տարիներ շարունակի իր ընթացքը։
«Ես հույս ունեմ, որ մենք ամեն տարի Հայոց բանակի տոնի նախօրեին հանդիպելու ենք այստեղ և մեր ներդրումն ենք ունենալու Ձեր ազգանվեր գործում»,– ասել է Ա․ Գրիգորյանը։
Հիմնադրամի նախագահն ու ՀԽ նախագահը պատմել են բռնի տեղահանված արցախահայության կյանքի բարելավմանն ուղղված իրենց գործունեության մասին և նշել, որ յուրաքանչյուր նվիրաբերություն հասնում է իր նպատակին։
Հանդիպումից հետո Հիմնարկի տնօրենը հյուրերին ուղեկցել է դահլիճ, որտեղ մեր սաները միջոցառում էին պատրաստել Հայոց բանակի տոնի առթիվ։