Подарок от ученика школы УСК музею Нансена

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի 9-րդ «բ» դասարանի աշակերտ Միգել Արզանյանը «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2026»-ի շրջանակներում, «Աշխարհագրություն» առարկայի ուսուցչուհի Լուսինե Հակոբյանի աջակցությամբ, ստեղծել է «100 տարի անց Ֆրիտյոֆ Նանսենի հետքերով» կայքը, որը նվիրել է Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանին։

Կայքը նվիրելու նպատակով Միգելը, առարկայական ուսուցչուհին և 7-րդ «գ» դասարանի աշակերտներն այցելել են թանգարան՝ ծանոթանալու նորվեգացի բևեռախույզ, գիտնական, դիվանագետ և ականավոր հումանիստ, Խաղաղության Նոբելյան մրցանակակիր, Ազգերի լիգայի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար, հայ ժողովրդի մեծ նվիրյալ Ֆրիտյոֆ Նանսենի կենսագրության դրվագներին։

Թանգարանում աշակերտները լսել են հակիրճ դասախոսություն ականավոր գործչի կյանքի, գիտական և մարդասիրական գործունեության մասին։

Այցի ավարտին Միգելը թանգարանի աշխատակիցներին և իր համադպրոցականներին ներկայացրել է կայքը, որը պատմում է Նանսենի ճանապարհորդության մասին, ներառում է նրա կողմից արված լուսանկարները և դրանց ժամանակակից համադրությունները, ինչպես նաև Նանսենի կյանքի վերաբերյալ նյութեր։

Թանգարանի աշխատակիցներն իրենց երախտագիտությունն են հայտնել նման արժեքավոր նվերի համար և հույս հայտնել, որ Միգելը տոնական միջոցառումներին անձամբ կներկայացնի իր ստեղծած կայքը թանգարանի այցելուներին։