Прощание с начальной школой

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկում կայացել է «Հրաժեշտ տարրական դպրոցին» միջոցառումների շարքը։

Կրթահամալիրի 4-րդ դասարանների աշակերտները մեծ ոգևորությամբ նշել են միջին դպրոց ուղևորվելու տոնը՝ ցուցադրելով իրենց ձեռքբերած գիտելիքների, հմտությունների ու, որ ամենակարևորն է, արժեքների մեծ պաշարը։

Սիրելի սաներին իրենց շնորհավորանքի խոսքն են ուղղել հարազատ դասվարները

«Այսօր մենք միասին փակում ենք մեր տարրական դպրոցի ճամպրուկը։ Հիշո՞ւմ եք, թե ինչպես չորս տարի առաջ առաջին անգամ վախվորած մտաք դասարան, երբ տառերն ու թվերը դեռ չէին ենթարկվում ձեզ։ Իսկ այսօր դուք արդեն կանգնած եք այս բեմում՝ որպես հանրահռչակ հետազոտողներ, ովքեր պատրաստ են բացահայտելու աշխարհի ամենամեծ գաղտնիքները։

Այս չորս տարիների ընթացքում մենք ձեզ հետ միասին այդ ճամպրուկի մեջ հավաքեցինք մեր մանկության ամենապայծառ գույները, ձեր առաջին հաջողություններն ու ժպիտները։ Մենք միասին տեսանք, որ հայի ճամպրուկը միայն ճանապարհի համար չէ, այն լիքն է լույսով, տաղանդով ու հանճարով։ Դուք սովորեցիք հպարտանալ մեր մեծերով՝ Վիկտոր Համբարձումյանի աստղերով, Արամ Խաչատրյանի հզոր ռիթմերով, Շառլ Ազնավուրի սիրո երգերով ու Սերժ Թանկյանի անկոտրում ձայնով։

Բայց գիտե՞ք որն է իմ ամենամեծ հպարտությունը դուք սովորեցիք ամենակարևորը՝ մարդ լինելու արվեստը։ Դուք սովորեցիք թև ու թիկունք լինել միմյանց, կառուցել անկեղծ ընկերություն, ներել, հարգել ու սիրել։

Սիրելինե՛րս, տարրական դպրոցի ավարտը հրաժեշտ չէ, սա մի նոր, ավելի մեծ ու հետաքրքիր ճանապարհի սկիզբ է դեպի միջին դպրոց։ Ձեզնից յուրաքանչյուրի դպրոցական պայուսակում հիմա թաքնված է մի մեծ գաղափար, որը վաղը շուռ է տալու աշխարհը։

Երբեք չվախենա՛ք փոքրիկ քայլերից և երբեք չդադարե՛ք երազել, որովհետև հայի պատմությունը երբեք չի ավարտվում, քանի դեռ նա երազում է։ Իսկ դուք դեռ նոր եք սկսում։

Բարի՛ երթ ձեզ։ Գնացե՛ք ու նվաճեք ձեր ամենաբարձր գագաթները, բայց ուր էլ հասնեք, երբեք չմոռանաք ինքներդ ձեզ ու մնացեք այդպիսի ջերմ, բարի ու հպարտ հայ»,- նշել է 4-րդ «ա» դասարանի դասվար Տաթև Ասատրյանը։

Միջոցառման հոլովակը կարող եք դիտել՝ այստեղ։

«Ալբուս Դամբլդորի կերպարի խոսքերն են՝ «Երջանկություն կարելի է գտնել անգամ ամենամութ ժամանակներում, եթե միայն չմոռանաք միացնել լույսը»։ Սիրելի՛ մեր փոքրիկ մոգեր, շնորհավոր տարրական դպրոցի ավարտը։ Մեր ճամփորդությունը սկսեցինք որպես «անգետիկներ», բայց այսօր դուք վառեցիք հետաքրքրության ձեր լույսն ու ավարտում եք որպես իսկական վարպետներ։ Ինչպես ֆիլմերում է ասվում՝ «Mischief managed» (Առաքելությունն ավարտված է)։ Թող գիտելիքի լույսն ու ընկերության մոգությունը ձեզ ուղեկցեն միջին դպրոցի մեծ ու հետաքրքիր արկածներում։ Դեպի նոր բարձունքներ»,- նշել է 4-րդ «բ» դասարանի դասվար Վարվառա Մելքոնյանը։

Միջոցառման հոլովակը կարող եք դիտել՝ այստեղ։

«Սիրելի՛ երեխաներ, ի՛մ «Առաջատարներ», միշտ հավատացե՛ք ձեր ուժերին, չվախենա՛ք երազել, փորձել, ձախողել։ Ամեն դժվարություն հաղթահարելի է։ Համարձակորեն քայլե՛ք դեպի ձեր նպատակները։ Թող ձեր ճանապարհը լի լինի հաջողություններով, նոր ձեռքբերումներով և երջանիկ պահերով։ Հիշե՛ք, որ յուրաքանչյուր ավարտ մի նոր բանի սկիզբ է»,- նշել է 4-րդ «գ» դասարանի դասվար Ծաղիկ Հակոբյանը։

Միջոցառման հոլովակը կարող եք դիտել՝ այստեղ։

«Սիրելի՛ երեխաներ, այսօր դուք ավարտեցիք ձեր կյանքի կարևոր փուլը՝ տարրական դպրոցը հետևում է մնում մանկության մի գեղեցիկ պատառիկ՝ լի հիշողություններով, ընկերությամբ ու ձեռքբերումներով։ Վստահ, համարձակ քայլերով մո՛ւտք գործեք կրթական նոր աստիճան՝ ավելի հասուն, գիտակից և ինքնավստահ։ Մաղթում եմ, որ կյանքի բոլոր խաչմերուկներում լինեք հաջողակ։ Երբեք չվախենաք երազել և նոր նպատակներ դնել, միշտ հավատացեք ձեր ուժերին։ Բարի՛ երթ ձեզ, սիրելի՛ հաջողակներ»,- նշել է 4-րդ «դ» դասարանի դասվար Պարզանուշ Գասպարյանը։

Միջոցառման հոլովակը կարող եք դիտել՝ այստեղ։

«Սիրելի՛ «Լուսատուներ», սրտանց շնորհավորում եմ ձեզ այս կարևոր և հիշարժան օրվա առթիվ։ Այսօր դուք ավարտում եք տարրական դպրոցը և վստահ քայլերով թևակոխում կյանքի նոր ու հետաքրքիր փուլ։ Այս տարիների ընթացքում դուք ոչ միայն բացահայտեցիք գիտելիքների հրաշալի աշխարհը, այլև սովորեցիք լինել ընկերասեր, կարեկցող, ազնիվ և հավատալ ձեր սեփական ուժերին։ Դուք ձեռք բերեցիք հմտություններ, որոնք կուղեկցեն ձեզ ողջ կյանքի ընթացքում և կօգնեն հաղթահարել նորանոր բարձունքներ։ Թող ձեր սրտերում վառվող լույսը երբեք չմարի, թող այն լուսավորի ձեր ճանապարհը, ոգեշնչի ձեզ նոր ձեռքբերումների և միշտ ուղեկից լինի ձեր կյանքի բոլոր փուլերում։ Մաղթում եմ ձեզ անսահման հաջողություններ, պայծառ երազանքներ, գեղեցիկ հաղթանակներ և երջանիկ մանկություն»,- նշել է 4-րդ «ե» դասարանի դասվար Անահիտ Մանուկյանը։

Միջոցառման հոլովակը կարող եք դիտել՝ այստեղ։