We all have a duty to be educated. Samvel Margaryan
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիրի» շրջանավարտներն իրենց ուսումն են շարունակում Հայաստանի և աշխարհի լավագույն բարձրագույն կրթական հաստատություններում։
Մենք որոշել ենք պատմել մեր շրջանավարտների մասին՝ նրանց օրինակով ոգևորելով ԳԱՈՒՍ-ի աշակերտներին։
Մեր հերթական զրուցակիցն է 2023-2024 ուսումնական տարվա շրջանավարտ Սամվել Մարգարյանը։
- Որտե՞ղ եք շարունակելու Ձեր ուսումը և ի՞նչ մասնագիտությամբ։
- Շարունակելու եմ ուսումս Շվեյցարիայի Լոզան քաղաքի «École hôtelière de Lausanne»-ում, որը վեց տարի անըդմեջ «QS World Ranking»-ի կողմից իր ոլորտում զբաղեցնում է առաջին հորիզոնականը։ Այստեղ ես սովորելու եմ բակալավրիատի «Կառավարում և հյուրընկալություն» ծրագրով։
- Ինչո՞ւ եք ընտրել այդ բուհը և այդ մասնագիտությունը։
Մանկուց միշտ այս ոլորտը հետաքրքրել է։ Նկատելով հյուրընկալության ոլորտի թերությունները և ցավոք ոչ այդքան բարձր մակարդակը՝ որոշեցի ընտրել ոլորտի լավագույն համալսարանն ու ստացած գիտելիքների և հետագա քրտնաջան աշխատանքի շնորհիվ ոտքի կանգնեցնել ոլորտը հայրենիքում:
- Որո՞նք են եղել դպրոցում Ձեր ամենավառ հիշողությունները։
Շա՜տ վառ հիշողություններ ունեմ ավագ դպրոցից։ Միշտ հետաքրքիր էին անցնում թե խմբակները, թե դասամիջոցները, թե դասերը։ Համադասարանցիներով շատ էինք գնում քաղաքից դուրս, ինչն ավելի էր մեզ մտերմացնում։ Թերևս ամենավառ հիշողությունը կմնա իմ վերջին զանգն ու հրաժեշտը կյանքի մի մեծ էջին, որը թերթեցի և սկսեցի դեպի նոր ու գիտակից կյանք տանող ճանապարհը:
- Որո՞նք են եղել դպրոցում Ձեր ամենասիրելի առարկաները։
-Միշտ շատ սիրել եմ օտար լեզուներ ուսումնասիրել, շատ էի սիրում դպրոցում անգլերենի և ռուսերենի դասերը։ Շատ եմ սիրել նաև գրականության և պատմության դասերը։ Կարծում եմ, ԳԱՈՒՍ-ում էլ ավելի շատ եմ սկսել հետաքրքրվել այդ առարկաներով։
- Բացի դասերից, էլ ինչո՞վ եք զբաղվել դպրոցում։
-12-րդ դասարանում դարձել էի աշակերտական խորհուրդի անդամ՝ զբաղվել մեդիայով։ Շատ վառ հիշողություններ ունեմ այդ օրերից։ Նաև պիտի նշեմ, որ դասընկերներով կարճամետրաժ ֆիլմի ենք նկարել։ Ներկայացել էի որպես ռեժիսոր։ Մասնակցել եմ նաև Պարույր Սևակին նվիրված միջոցառմանը։ Դպրոցական կյանքն առհասարակ բազմաթիվ ծանոթություններ և ընկերներ տվեց ինձ, ովքեր կանգնած են կողքիս և միշտ աջակցում են՝ չնայած դժվարությունների։
- Արդեն որպես շրջանավարտ, ինչպե՞ս կգնահատեք ԳԱՈՒՍ–ում կրթության որակը։
- Դպրոցի ուսումնական ծրագիրը շատ խիտ և հետաքրքիր է։ Բացի հիմնական դպրոցական առարկաներից կան նաև բազմաթիվ խմբակներ որոնք էլ ավելի շատ հնարավորություններ են տալիս աշակերտներին։ Ուզում եմ նաև շեշտել ուսուցիչներին, որոնք փայլուն մասնագետներ լինելուց բացի դարձան ավագ ընկերներ։
- Ըստ Ձեզ, ի՞նչ կարևորություն ունի կրթությունը։
- Կիրթ լինել պարտավոր ենք բոլորս։ Մարդն, ունենալով մեծ կյանքի փորձ և ծավալուն գիտելիք տարբեր ոլորտներում, ըստ իս, կատարում է իր պարտականությունը բնության առջև՝ որը մեզ տվել է բանական միտք։ Գիտելիքը անփոխարինելի զուգընկեր է դառնում կյանքի ընթացքում, որը երբեմն բավականին բարդ է, սակայն այդ դժվարությունները հնարավոր է հաղթահարել փորձով և գիտելիքով։
- Որտե՞ղ եք պատկերացնում Ձեզ հինգ տարի անց։
- Չգիտեմ։ Հինգ տարի անց ավարտած կլինեմ բակալավրի ծրագիրը և կվերցնեմ դադար մինչ մագիստրոսի կոչման դիմելը։ Գուցե վերադառնամ Հայաստան, ինչը մեծ փափագ է, կամ մնամ արտերկրում ու արժանի կրեմ հայի անունն ու տարածեմ երկրիս մշակույթը։