Vahe Tadevosyan is one of the best students in the IT sector of the Republic of Armenia for 2023-2024
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիրի» ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Վահե Թադևոսյանը ՀՀ ՏՏ ոլորտի «Լավագույն աշակերտ» անվանակարգում արժանացել է 1-ին կարգի կրթական պարգևի։ Մրցանակաբաշխությունը, որը կրում էր «Ճանաչել լավագույններին, խանդավառել հաջորդներին» կարգախոսը, կազմակերպել էր «Սինոփսիս Արմենիա» ընկերությունը։
Մենք զրուցել ենք Վահեի հետ՝ պարզելու նրա նախասիրություններն ու ապագայի մասին պատկերացումները։
- Որո՞նք են դպրոցի մասին Ձեր ամենավառ հիշողությունները։
- Դպրոցական ամենահիշարժան օրը իմ դպրոց գալու առաջին օրն էր։ Ես ԳԱՈՒՍ սկսել եմ հաճախել 7-րդ դասարանից։ Հիշում եմ, որ մեր դասարանը երկրորդ հարկում էր։ Մտանք ներս, գրքերն արդեն դրված էին մեր սեղաններին ու հերթն էր ուսուցիչների հետ ծանոթանալու։
- Ի՞նչ հիշարժան միջոցառումների կամ մրցույթների եք մասնակցել այս տարիներին։
- 2023 թվականին մասնակցել եմ «𝐅𝐮𝐥𝐥 𝐋𝐞𝐚𝐫𝐧𝐢𝐧𝐠» ընկերության «𝐂𝐨𝐝𝐞 𝐁𝐚𝐭𝐭𝐥𝐞» մրցույթին և ընդգրկվել եմ լավագույն կոդ գրողների շարքում։ Իսկ այս տարի արդեն «Սինոփսիս Արմենիայի» կազմակերպված մրցույթում «Լավագույն աշակերտ» անվանակարգում արժանացա 1-ին կարգի մրցանակի։ Կարևոր է նաև, որ ուսման մեջ ու հատկապես ՏՏ ոլորտում իմ գրանցած հաջողություններ համար այս ուսումնական տարում արժանացել եմ մեր դպրոցի կրթաթոշակին։
- Ո՞ր առարկաներն եք սիրում։
- Ես շատ եմ սիրում մաթեմատիկա։ Մեր ընտանիքում գրեթե բոլորն են սիրում «Մաթեմատիկա», պապիկներս, օրինակ, մաթեմատիկոսներ են։ Դպրոցում սովորում եմ ֆիզիկամաթեմատիկական հոսքում, և ինձ դուր է գալիս խնդիրներ լուծելը, քանի որ դժվար հարցերի պատասխանները գտնելով կարծես փորձություններ ես հաղթահարում։
- Ըստ Ձեզ՝ ի՞նչ կարևորություն ունի կրթությունը։
-Կրթությունը, նախ և առաջ, ընդհանուր զարգացվածություն է, այսինքն կրթության շնորհիվ դու ամեն ինչից գաղափար ես կազմում և կարող ես ներգրավվել յուրաքանչյուր թեմայի քննարկման կամ ուսումնասիրման մեջ։
- Ինչպե՞ս եք շարունակելու Ձեր կրթությունը դպրոցն ավարտելուց հետո։
-Նախատեսում եմ կրթությունս շարունակել Վիեննայի տեխնիկական համալսարանում, սակայն ֆակուլտետի հարցում դեռ չեմ կողմնորոշվել՝ կամ «Տեխնիկական մաթեմատիկա« կամ «Ինֆորմատիկա»։ Ապրիլից սկսած զբաղվելու եմ ընդունելության հարցերով։