Samvel Danielyan is one of the best students of the IT sector of the RA in 2023-2024
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիրի» ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Սամվել Դանիելյանը «Սինոփսիս Արմենիա» ընկերության կողմից կազմակերպված «Ճանաչել լավագույններին, խանդավառել հաջորդներին» կարգախոսով ՏՏ ոլորտի մրցանակաբաշխության «Լավագույն աշակերտ» անվանակարգում արժանացել է 2-րդ կարգի մրցանակի։
Մենք զրուցել ենք Սամվելի հետ՝ պարզելու նրա նախասիրություններն ու կրթությունը կարևորելու պատճառները։
- Ի՞նչն եք ամենաշատը սիրում դպրոցում։
- Դպրոցում ամեն ինչն եմ սիրում։ Ամեն ինչ ինձ համար շատ հարազատ է։ Այստեղ, բացի ուսումից, ինձ համար շատ կարևոր են իմ ընկերներն ու նրանց հետ շփումը։
- Ո՞րն է դպրոցի հետ կապված ամենանշանակալի իրադարձությունը։
- Իրադարձությունները շատ են։ Օրինակ անցած տարի՝ 2023 թվականին, մասնակցել եմ «Հետազոտենք և բացահայտենք աշխարհը» խորագրով աշակերտական աշխատաժողովի։ Նաև դպրոցի շնորհիվ ամռանը մեկնել եմ Մոսկվա և սովորել «Ֆիզիկատեխնիկական ճեմարան» տեխնոպարկի ամառային դպրոցում, որի շրջանակում մասնակցել եմ եղանակային կայանի նախագծմանն ու ստեղծմանը։ Ամենակարևոր իրադարձությունն այս տարի դպրոցի կրթաթոշակին արժանանալն էր։ Իհարկե, նշանակալի հաղթանակ էր նաև «Սինոփսիս Արմենիայի» կազմակերպած ՏՏ ոլորտի կրթական պարգևին արժանանալը, մանավանդ այն դեպքում, երբ թեստը շատ բարդ էր ու նախատեսված էր 10-րդ դասարանից սկսած, մինչդեռ մրցույթի անցկացման տարում ես սովորում էի 9-րդ դասարանում։
-Ո՞ր առարկաներն եք սիրում։
- Բոլոր առարկաներն էլ սիրում եմ, բայց ավելի շատ հակված եմ ճշգրիտ գիտություններին՝ «Մաթեմատիկա» և «Ֆիզիկա»։ Սիրում եմ, երբ ամեն ինչ կոնկրետ է, ճշգրիտ, անշեղ։
- Ինչպե՞ս եք գնահատում դպրոցում Ձեր ստացած գիտելիքները։
- Այստեղ ես շատ բան եմ սովորում, և այստեղ ստացած գիտելիքները մեծ ազդեցություն ունեն իմ մարդ տեսակի վրա։ Դրա հետ զուգահեռ, կարծում եմ, հաջողության հասնելու համար պիտի շատ աշխատասեր լինես։
-Ըստ Ձեզ՝ ի՞նչ կարևորություն ունի կրթությունն առհասարակ։
- Մարդն ամբողջ կյանքում պիտի ձգտի դեպի կրթություն։ Սովորել պետք է ողջ կյանքի ընթացքում՝ առանց մեկ րոպե դադարելու։ Անկրթությունն ամենավատ բանն է, որ կարող է պատահել մարդու հետ։ Նաև ասեմ, որ ըստ իս՝ հաջողությունը ձախողումների, սխալների ու որոշումների արդյունք է, բայց նաև հաստատակամություն՝ շարունակելու և սովորելու համար։