GAUS Theater Troupe- Grand Prize Winner of International Festival

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիրի» թատերախումբը մասնակցել է Սանկտ Պետերբուրգում կայացած Բրյանցևի անվան պատանեկան թատերական միջազգային 26-րդ փառատոնին և արժանացել գլխավոր մրցանակի՝ Գրան պրիի։

Փառատոնին մասնակցելու հայտ են ներկայացրել տասնյակ երկրների թատերախմբեր, որոնցից ընտրվել են ընդամենը 12-ը։ Երեք օր շարունակ պատանի դերասանները ներկայացրել են իրենց լավագույն բեմադրությունները և միաժամանակ մասնակցել մասնագիտական վարպետության դասընթացների՝ ոլորտի ճանաչված մասնագետների ղեկավարությամբ։

ԳԱՈՒՍ թատերախումբը ելույթ է ունեցել փառատոնի վերջին օրը «Հեքիաթ ձկնորսի և ձկան մասին» բեմադրությամբ՝ ստիպելով հանդիսատեսին մի քանի րոպե շարունակ հոտնկայս ծափահարել։

Թատերախմբերի գեղարվեստական ղեկավարների հետ քննարկման ժամանակ թատերագետ, Սանկտ Պետերբուրգի մշակույթի կոմիտեին կից սիրողական թատրոնների հանձնաժողովի անդամ Ալեքսեյ Պասուևը նշել է «Մենք հազարավոր «Ոսկե ձկնիկներ» ենք տեսել, բայց այն, որ կարելի էր Պուշկինին ներկայացնել շեքսպիրյան հույզերով, իսկ պառավի կերպարը հասցնել Լեդի Մակբեթի ողբերգության բարձրության, մեզ համար նոր ու անսպասելի էր»։

Մրցանակաբաշխության օրը ԳԱՈՒՍ թատերախումբը դարձել է փառատոնի գլխավոր մրցանակակիր և Հայաստանի դրոշն է ծածանել միջազգային բեմում՝ արժանանալով թե՛ ժյուրիի անդամների, թե՛ մյուս մասնակից թատերախմբերի ամենաբարձր գնահատականներին։

Թատերախմբի գեղարվեստական ղեկավար Արմեն Քուշկյանի խոսքով՝ թատերախումբը, թեև դպրոցական ծրագրի մաս է կազմում, երեխաների համար շատ ավելին է, քան պարզապես դասընթաց «Սա անձնական հետաքրքրություն է, հոգի, անկեղծ սեր դեպի բեմն ու բեմական կյանքը»։

Թատերախմբի անդամներն իրենց հերթին նշում են, որ հաղթանակը, թեև անսպասելի էր, սակայն միևնույն ժամանակ՝ երկար սպասված։

Նշենք, որ Բրյանցևյան փառատոնի դափնեկիր են դարձել նաև մանկական համույթներ Բելառուսից (1-ին տեղ), Մոսկվայից (2-րդ տեղ) և Սևաստոպոլից (3-րդ տեղ)։