Education is what makes a person truly human. Vigen Simonyan
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիրի» շրջանավարտներն իրենց ուսումն են շարունակում Հայաստանի և աշխարհի լավագույն բարձրագույն կրթական հաստատություններում։
Մենք որոշել ենք պատմել մեր շրջանավարտների մասին՝ նրանց օրինակով ոգևորելով ԳԱՈՒՍ-ի աշակերտներին։
Մեր հերթական զրուցակիցն է 2023-2024 ուսումնական տարվա շրջանավարտ Վիգեն Սիմոնյանը։ Նա «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ նպատակային համաձայնագիր է կնքել, ըստ որի ՓԲԸ–ն հոգում է Ի․ Մ․ Գուբկինի անվան Ռուսաստանի նավթի և գազի պետական համալսարանում Վիգենի ուսման ծախսերն ու տրամադրում կրթաթոշակ, պայմանով, որ վերջինս ավարտելուց հետո վերադառնալու է Հայաստան և նվազագույնը 5 տարի ժամկետով մասնագիտական աշխատանք է կատարելու «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ում։
-Վիգեն, որտե՞ղ և ի՞նչ մասնագիտությամբ եք սովորում։
- Սովորում եմ Մոսկվայում գտնվող Իվան Միխայլովիչ Գուբկինի անվան Ռուսաստանի նավթի և գազի պետական համալսարանի գազային և գազակոնդենսատային հանքավայրերի զարգացման և շահագործման բաժնում։
- Ինչո՞ւ եք ընտրել հենց այս մասնագիտությունը։
-Ընտրել եմ այս մասնագիտությունը, քանի որ այն սերտ կապ ունի տեսական գիտությունների հետ, նավթագազային ոլորտը մշտապես զարգացող է և ուսումնասիրության համար շատ հետաքրքիր է։ Մշտապես կարողանում ես նոր բացահայտումներ անել։
- Որո՞նք են դպրոցի հետ կապված Ձեր ամենավառ հիշողությունը։
- Դպրոցում ամենահիշարժան դրվագները կապված են եղել ուսուցիչներիս և դասընկերներիս հետ։ Նրանց հետ շփումների, նրանցից սովորելու և նրանց օրինակին հետևելու շնորհիվ իմ բնավորությունը և ներաշխարհը չափազանց մեծ զարգացում են ապրել։ Վառ հիշողություններ կապված են նաև թատերական խմբակի հետ, որի կազմում շատ ներկայացումների եմ մասնակցել։
- Դպրոցական տարիներին ի՞նչ միջոցառումների կամ մրցույթների եք մասնակցել։
- Ինչպես նշեցի, թատերական խմբակի անդամ եմ եղել և մասնակցել եմ շատ ներկայացումների։ 2023 թվականին «Code Battle» ծրագրավորման մրցույթում համալրել եմ լավագույն կոդ գրողների շարքերը։ Նույն թվականին իմ ուսումնական ձեռքբերումների և առաջադիմության համար ստացել են ԳԱՈՒՍ կրթաթոշակ։
- Որո՞նք են եղել դպրոցում Ձեր սիրելի առարկաները և ինչո՞ւ։
- Իմ սիրելի առարկաները եղել են «Ռուսաց լեզուն և գրականությունը», «Հասարակագիտությունը», ինչպես նաև «Հայ գրականությունն» ու «Ֆիզիկան»։ Այս առարկաները միացնող օղակը տաղանդավոր և հետաքրքիր մասնագետներն են, որոնցից ես սովորել եմ ու շարունակում եմ սովորել արդեն ընկերական շփման միջոցով։
-Ի՞նչ է տվել Ձեզ դպրոցը բացի կրթությունից։
- Դպրոցի շնորհիվ ես սկսել եմ այլ կերպ վերաբերվել ինքս ինձ, մարդկանց և կյանքին, առհասարակ։ Ուսման ընթացքում սկսել եմ ստեղծագործել, գրել եմ բազմաթիվ բանաստեղծություններ և պատմվածքներ, որոնք տպագրվել են Երևանի Պետական Համալսարանի կողմից։ Ձեռք եմ բերել իմ համար շատ կարևոր ծանոթություններ և բարեկամ դարձած մարդկանց։
- Ինչպե՞ս կգնահատենք ԳԱՈՒՍ-ում Ձեր ստացած կրթության որակը։
- ԳԱՈՒՍ-ում ստացած կրթությունը բարձրորակ է և կազմակերպված է այնպես, որ ինքդ հետաքրքրվես առարկաներով։ Ճիշտ ընտրված ռազմավարության շնորհիվ մենք շրջապատված էինք գթասիրտ և խելացի ուսուցիչներով, դասապրոցեսն անցնում էր անընդհատ քննարկումներով և ուղեկցվում էր միտքն ու սեփական կարծիքը զարգացնող զրույցներով։
- Ըստ Ձեզ, ի՞նչ նշանակություն ունի կրթությունը մարդու և հասարակության կյանքում։
- Կրթությունն է, որ մարդուն մարդ է դարձնում։ Միգուցե ֆիզիկան կամ պատմությունը մարդուն իր առօրյա կայնքում անհրաժեշտ չլինեն, բայց ինքը անգիտակցաբար այդ առարկաների միջոցով մտածելակերպի նոր ուղիներ է բացահայտում, որոնք նրան պետք են գալիս կյանքի բոլոր փուլերում։
- Որտե՞ղ եք պատկերացնում Ձեզ հինգ տարի հետ։
- Պատկերացնում եմ ինձ մասնագիտության մեջ հմուտ, մարդկությանը օգնող և ամուսնացած անձնավորություն։