Education is the very foundation that creates opportunities. Arman Seyranyan
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիրի» շրջանավարտներն իրենց ուսումն են շարունակում Հայաստանի և աշխարհի լավագույն բարձրագույն կրթական հաստատություններում։
Մենք որոշել ենք պատմել մեր շրջանավարտների մասին՝ նրանց օրինակով ոգևորելով ԳԱՈՒՍ-ի աշակերտներին։
Մեր հերթական զրուցակիցն է 2023-2024 ուսումնական տարվա շրջանավարտ Արման Սեյրանյանը։
- Որտե՞ղ եք շարունակում Ձեր ուսումը և ի՞նչ մասնագիտությամբ։
- Ընդունվել եմ Հայաստանի ամերիկյան համալսարան և սովորում եմ «Գործարարություն» կրթական ծրագրում։ Որոշումս կայացրել եմ ի օգուտ այս բուհի, որովհետև սա միակ համալսարանն է, որտեղ կարող ես սովորել այն, ինչ չեմ սովորի այլ համալսարաններում։
- Որո՞նք են եղել դպրոցում Ձեր ամենավառ հիշողությունները։
Վառ հիշողությունները շատ են, թվել չեմ կարող։ Ամենահիշվող, զվարճալի ու հետաքրքիր դեպքերը, թեևս, տեղի էին ունենում, երբ դասղեկի կամ ուսուցիչների հետ ամբողջ դասարանով գնում էինք քաղաքից դուրս որևէ նոր բան բացահայտելու։
- Որո՞նք են եղել դպրոցում Ձեր ամենասիրելի առարկաները։
- Ամենասիրելի առարկաներս լեզուներն էին ու «Մաթեմատիկան»։ Երևի դա նույնպես պատճառ դառավ, որպեսզի ընտրեմ «Գործարարությունը», քանի որ այստեղ թվերը շատ կարևոր են։ Իսկ օտար լեզվի իմացությունն, օրինակ, ինձ օգնում է ավելի շատ աղբյուրների ուսումնասիրության համար։
-Արդեն որպես շրջանավարտ, ինչպե՞ս կգնահատեք ԳԱՈՒՍ–ում կրթության որակը։
- ԳԱՈՒՍ-ն այն դպրոցն էր, որտեղ կային բազմաթիվ հնարավորություններ ու միջոցներ լավ սովորելու, կրթվելու ու զարգանալու համար։ Պիտի ասեմ, որ դպրոցը ինձ համար միայն կրթություն չէր։ Այն մի վայր էր, որտեղ ինքս ինձ բացահայտեցի նորովի, գտա ընկերներ և ձևավորեցի հիմքեր ապագայի համար։
- Ըստ Ձեզ, ի՞նչ կարևորություն ունի կրթությունը։
- Կրթությունը հենց այն հիմքն է, որը ստեղծում է հնարավորություններ ու ուղղություն տալիս ապագայի համար։
- Որտե՞ղ եք պատկերացնում Ձեզ հինգ տարի անց։
Հինգ տարի հետո ինձ պատկերացնում եմ իմ մասնագիտությամբ աշխատելիս ու այդ ոլորտը զարգանալիս։