Innovation and technology at ESC IT camp
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկում վերջին երեք շաբաթների ընթացքում 5-6-րդ դասարանցիների համար գործել է «Նորարարական ՏՏ ամառային ճամբար», որի շրջանակում սաները, համատեղելով ակտիվ ժամանցը, ծանոթացել են ծրագրավորման մի քանի լեզուների հետ, կառուցել կայքեր, ստեղծել խաղեր, աշխատել արհեստական բանականության գործիքներով, իրականացրել բրենդավորում և ապրանքանիշի փաթեթի ներկայացում։
Ճամբարի ընթացքում աշակերտները այցելել են Օրգովի աստղադիտարան, դիտել են անօդաչու թռչող սարքերի կառավարման վարպետաց դաս, մասնակցել են ինտելեկտուալ, տրամաբանական խաղերի, եղել են Նկարիչների միությունում կազմակերպված ժամանակակից արվեստի մուլտիմեդիա ցուցադրությանը, որտեղ 77 րոպեում դիտել են Վան Գոգի և Գուստավ Կլիմտի ավելի քան 300 անիմացիոն կտավ, ինչպես նաև խաղերի միջոցով ծանոթացել են վիրտուալ իրականությանը՝ «VR» ակնոցների օգնությամբ։
Հագեցած ու բովանդակալից ճամբարի փակման արարողության ժամանակ աշակերտները ծնողներին են ներկայացրել խմբային աշխատանքների արդյունքները։
Հանդիպման սկզբում ՈՒՍՀ տնօրենի տեղակալ Ելենա Ամիրխանյանը նշել է, որ ճամբարի շրջանակում ամառային ակտիվ ժամանցի հետ զուգահեռ ապահովվել է մանրակրկիտ ուսուցում, իսկ երեխաների հետ աշխատել են ոլորտի լավագույն մասնագետները։
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ Արթուր Ավագյանն ընդգծել է, որ սրընթաց զարգացող աշխարհում տեղեկատվական տեխնոլոգիաների տիրապետումը չափազանց կարևոր է։ Նա հակիրճ ներկայացրել է ճամբարային ծրագրի հիմնական ուղղությունները՝ համակարգչային մտածողություն և ալգորիթմներ, հեքեթոններ, ծրագրավորման մարտահրավերներ, տվյալների վերլուծություն, կիբեռանվտանգության հիմունքների ուսումնասիրություն, ծանոթացում վեբ և բջջային հավելվածների ստեղծման հիմունքներին և այլն։
«ՏՏ ամառային ճամբարը ոչ միայն ուսուցման, այլև նորարարության, ստեղծագործ մտածողության և պրոֆեսիոնալ կապերի հարթակ է դարձել, որն ապահովել է սաների ճանաչողական և կրթական աճը։ Արդյունքում շատ կարճ ժամանակում սաներն ունեցել են ակնհայտ արդյունքներ», – եզրափակել է նա։
Ողջույնի խոսքից հետո ճամբարականները ցուցադրել են «Python» ծրագրով գրված երեք խաղ, գործի են դրել «Ռոբոտաշինություն» դասի ժամանակ «The Arduino» ծրագրավորման լեզվով կառուցած ցամաքային դրոնները, ներկայացրել են թիմային աշխատանքի շնորհիվ կառուցած և համալրած «Տեխնոգույն» և «Դիջիտուր» կայքերը, ցուցադրել են գրաֆիկ դիզայնի դասընթացի ժամանակ «CorelDRAW» և «Photoshop» ծրագրերի կիրառման արդյունքները և ոչ միայն։
Ճամբարի արդյունքների ամփոփումից հետո աշակերտները ստացել են մասնակցության վկայականներ, ինչպես նաև անակնկալ՝ ճամբարի ընթացքում ստեղծած սեփական դիզայնով շապիկներ։
Ծնողները շնորհակալություն են հայտնել Հիմնարկի ղեկավարությանը նմանօրինակ ճամբար նախաձեռնելու համար։ Նրանք նշել են, որ ստացած գիտելիքներն արդիական են և պետք կգան ոչ միայն աշակերտներին, այլև նրանց ծնողներին։
«Հուսանք՝ ճամբարը շարունակական բնույթ կկրի։ Շնորհակալ ենք ոչ միայն տված գիտելիքի, այլ նաև հոգատար ու ջերմ մթնոլորտի համար», – նշել է ծնողներից մեկը։
«Շատ գովելի է, որ կարողացաք ներգրավել երեխաներին ու բարդ դասընթացները մատուցել հնարավորինս հասանելի լեզվով», – հավելել է մյուս ծնողը։
Փակման արարողությանը բոլոր մասնակիցները հույս են հայտնել, որ հաջորդ տարի ճամբարը կունենա շարունակություն և կտևի ավելի երկար։