Following the travels of Artsakh hero Alen Margaryan

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկում «Աշխարհագրություն» առարկայի շրջանակում կայացել է միջոցառում նվիրված Արցախի հերոս Ալեն Մարգարյանի հիշատակին։  

Նախապատրաստվելով միջոցառմանը՝ դպրոցի 8-րդ դասարանցիները առարկայական ուսուցիչ Լուսինե Հակոբյանի օգնությամբ ուսումնասիրել են Ալենի կյանքի ուղին ու հետաքրքրությունների շրջանակը և ցերեկույթի ընթացքում դպրոցի բարձր դասարանցիներին ներկայացրել  44-օրյա պատերազմի մասնակից, «Ոսկե արծիվ» շքանշանակակիր, մեդիա ոլորտի ակտիվ երիտասարդ, ռեժիսոր, գրող, ուսանող ու ճանապարհորդ Ալեն Մարգարյանի 21 տարվա կարճ, բայց բովանդակալից կենսագրությունը։

Հերոսին նվիրված միջոցառուման երկրորդ մասում 8-րդ դասարանի աշակերտները մասնակցել են վիկտորինայի՝ փորձելով իրենց գիտելիքների շնորհիվ «շրջել» Ալեն Մարգարյանի ճանապարհորդությունների հետքերով։

Ցերեկույթի ավարտին Ալենի մայր Նազելի Տերտերյանը, ով  հիմնադրել և ղեկավարում է «Ալեն Մարգարյան» բարեգործական հասարակական կազմակերպությունը, շնորհակալություն է հայտնել նախաձեռնության համար և նշել, որ երիտասարդներն են իր հերոս որդու ու մյուս հայրենասեր հայորդիների հիշատակը վառ պահողը։

Որպես նախաձեռնության ամփոփում` փետրվարի 11-ին` Ալենի ծննդյան օրը,  մեր դպրոցի սաներն այցելել են Եռաբլուր` հարգանքի տուրք մատուցելու անմահ զոհերի հիշատակին։