Our students performed in the finals of the recitation competition

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի դպրոցի աշակերտուհիները մասնակցել են «Ռուսերենը Հայաստանում՝ նոր հորիզոններ» խորագրով VII միջազգային մրցույթի շրջանակում անցկացված ասմունքի մրցույթի եզրափակչին։

Եզրափակչում հանդես են եկել Անահիտ Համբարձումյանը (7 «ա»), Էմմա Գամբարյանը և Մայա Թորոսյանը (6 «ե»)։

Միջոցառումը կազմակերպվել է «Ռուսական հումանիտար առաքելություն» կազմակերպության կողմից՝ Ռոսսոտրուդնիչեստվոյի, Ռուսագետների հայկական ասոցիացիայի, Հյուսիսկովկասյան դաշնային համալսարանի և Նախագահական դրամաշնորհների հիմնադրամի աջակցությամբ։

Մրցույթի եզրափակչին մասնակցել է հեռավար ընտրության փուլը հաղթահարած շուրջ 60 դպրոցական։ Երեք տարիքային խմբերում մասնակիցները ռուսաց լեզվով ներկայացրել են ռուս և հայ հեղինակների ստեղծագործություններ, այդ թվում՝ Ա. Պուշկինի, Ա․ Իսահակյանի, Ս. Մարշակի և այլ հեղինակների գործեր։

ՈՒՍՀ-ի աշակերտուհիները ներկայացրել են տարբեր ժանրերի ստեղծագործություններ։ Անահիտ Համբարձումյանը հանդես է եկել Յուրի Օլեշայի «Երեք հաստլիկները» ստեղծագործությունից հատվածով, Էմմա Գամբարյանը՝ Բորիս Զախոդերի «Չարաճճի կատուն» բանաստեղծությամբ, իսկ Մայա Թորոսյանը՝ Պարույր Սևակի «Քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում» բանաստեղծությամբ՝ իր տատիկի թարգմանությամբ։

Մրցույթի արդյունքներով բոլոր մասնակիցները ստացել են դիպլոմներ և հուշանվերներ։ Շնորհակալագրերով պարգևատրվել են նաև մրցույթի մասնակիցներին նախապատրաստած ուսուցիչները։