Theater Troupe Wins National Competition-Festival
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի թատերական խմբակը հաղթող է ճանաչվել Լևոն Քալանթարի անվան «Դպրոցական դահլիճից՝ մեծ բեմ» դպրոցական ներկայացումների II ազգային մրցույթ-փառատոնում՝ ներկայացնելով «Նվնվիկները» («Нытики») բեմադրությունը։
Փառատոնի շրջանակում մեր թատերախումբը հնարավորություն է ունեցել հանդես գալու նաև պրոֆեսիոնալ բեմում՝ Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում՝ ևս մեկ անգամ հանդիսատեսին ներկայացնելով մրցույթում հաղթած բեմադրությունը։
Նիդեռլանդացի գրող Աննի Շմիդթի ստեղծագործության հիման վրա ստեղծված ներկայացումը բեմադրել է ՈՒՍՀ թատերախմբի բեմադրիչ-ռեժիսոր Արմեն Քուշկյանը։ Այն կարևոր և ուսուցողական ուղերձ է փոխանցում՝ անդրադառնալով մարդկային վերաբերմունքին, երախտագիտությանն ու շրջապատող աշխարհը գնահատելու կարողությանը։ Բեմադրությունը ցույց է տալիս, թե ինչպես կարող են մշտական դժգոհությունն ու նվնվոցը խանգարել նկատելու կյանքի դրական կողմերն ու գնահատելու ունեցածը։ Այն հիշեցնում է, որ դժգոհությունների վրա կենտրոնանալու փոխարեն՝ կարևոր է սովորել նկատել լավը, արժևորել շրջապատող մարդկանց և երախտապարտ լինել ունեցածի համար։
Մրցույթ-փառատոնի պարգևատրման արարողությանը ներկա է եղել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Շնորհավորելով բոլոր հաղթողներին՝ նա ընդգծել է, որ պատանի դերասանները կարողացել են հաղթահարել հուզմունքը, ինքնադրսևորվել և բեմում ներկայացնել իրենց հոգու ողջ հարստությունը։
Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը ևս շնորհավորել է հաղթողներին և հանձնել մրցանակները։
Դպրոցում թատերախմբի ղեկավարին և անդամներին շնորհավորել է նաև «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի տնօրեն Էմին Սանթրոսյանը՝ նշելով, որ թատերախմբի հաջողությունների առթիվ շնորհավորանքներն արդեն վերածվում են ամենամյա ավանդույթի, և կարևոր է շարունակել աշխատանքը՝ բարձր պահելով սահմանված նշաձողը։