Meeting with representatives of EU Business School, University Bridge, Oxford Spires.
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի ավագ դպրոցի աշակերտներին միջազգային կրթական հնարավորությունները ներկայացնելու նպատակով կայացել է հանդիպում «EU Business School», «University Bridge», «Oxford Spires» կրթական հաստատությունների ներկայացուցիչների հետ։
«EU Business School»-ի ներկայացուցիչ Նաթալի Դիասը պատմել է, որ բիզնես դպրոցը, որը գործում է Բարսելոնայում, Ժնևում և Մյունխենում, առաջարկում է անգլերեն դասավանդմամբ կրթական ծրագրեր, որոնք կենտրոնացած են ձեռներեցության, նորարարության և առաջնորդության վրա։
«University Bridge» ծրագրի ներկայացուցիչ Իրինա Թայդենը ներկայացրել է ամերիկյան կրթական համակարգի յուրահատկությունները՝ ընդգծելով, որ «University Bridge»-ը հնարավորություն է տալիս ուսանողներին սկսել ուսումը գործընկեր քոլեջներում և ապա օգնում է ընդունվել ԱՄՆ առաջատար համալսարաններ։
«Oxford Spires»-ի ներկայացուցիչ Օուեն ՄակԳովերն իր խոսքում անդրադարձել է անգլիական կրթության ավանդույթներին՝ նշելով, որ իրենց ծրագիրը հնարավորություն է տալիս բրիտանական միջավայրում սովորել անգլերեն և զարգացնել քննադատական մտածողությունը, հաղորդակցման ու թիմային աշխատանքի հմտությունները ինչպես կրթական ծրագրերի այնպես էլ ամառային ճամբարների օգնությամբ։
Հանդիպման վերջում ավագ դպրոցի աշակերտներն իրենց հարցերն են հղել հյուրերին և տեղեկացել, թե ինչ պայմաններով է իրականացվում միջազգային կրթական հաստատությունների ընդունելությունը։