Book Talk: Charlotte's Web by Alvin Brooks White
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի չորրորդ դասարանի աշակերտները «Զանգակ» գրատան նախաձեռնությամբ հյուրընկալել էին դերասան Վահագն Գասպարյանին՝ միասին քննարկելու ամերիկացի ճանաչված գրող Էլվին Բրուքս Ուայթի «Շարլոթի սարդոստայնը» վիպակը։
Աշակերտները, որոնք նախապես ընթերցել էին գիրքը, հնարավորություն են ունեցել իրենց հարցերը հղել հյուրին, մասնակցել ինտերակտիվ քննարկմանը, կիսել իրենց տպավորությունները կերպարների արարքների ու գրքում առկա արժեքների մասին՝ բացահայտելով ընկերության, նվիրվածության և բարության գաղափարները։
Քննարկմանը հաջորդել է ստեղծագործական հատվածը․ երեխաները բեմականացրել են գրքի դրվագներից մեկը՝ ցուցադրելով իրենց արտահայտչական խոսքը, դերասանական կարողություններն ու թիմային աշխատանքը։
Հանդիպման ավարտին բոլոր մասնակիցները ստացել են «Շարլոթի սարդոստայնը» գրքի մոտիվներով ստեղծված կրծքանշաններ՝ որպես ընթերցանության հանդեպ սիրո խորհրդանիշ։
Այս նախաձեռնության նպատակն էր ևս մեկ անգամ ընդգծել գրքի դերը երեխայի մտավոր և հոգևոր զարգացման գործում՝ խրախուսելով սովորողներին շարունակել բացահայտել գրական աշխարհի հրաշքները։