For the sake of a big and green planet: kindergarten students at the Botanical Garden

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի մանկապարտեզի սաները բնապահպանությանը նվիրված երկշաբաթյա ծրագիրն ամփոփել են Բուսաբանական այգում։

Աշնանային գույներով ներկված այգին երեխաներին դիմավորել է իր ողջ գեղեցկությամբ՝ գույնզգույն տերևներով, կաղիններով, բազմազան բույսերով, պտուղներով և ժիր սկյուռիկներով։ Բնության գրկում անցկացրած օրը լի էր բացահայտումներով, խաղերով և ստեղծագործական աշխատանքներով։

Սաները զբոսանքի ընթացքում ծանոթացել են աշնանային բնության առանձնահատկություններին, ուսումնասիրել բույսերն ու տերևները, իսկ խաղերի և ստեղծագործական աշխատանքի միջոցով բացահայտել շրջապատող աշխարհի գեղեցկությունը։ Փոքրիկների համար զբոսանքն ուղեկցվել է նաև ուրախ անակնկալներով․ այգու մուտքի մոտ նրանց դիմավորել են բնակիչները՝ սկյուռներն ու աղվեսը։

Այցի ընթացքում երեխաները հանդես են եկել նաև որպես փոքրիկ բնախույզներ։ Նրանք «լսել են» Մայր Բնության նամակը և խոշորացույցների օգնությամբ ուսումնասիրել տերևները, ծաղիկները, բույսերն ու միջատներին։ Երեխաները հնարավորություն են ունեցել ոչ միայն դիտարկելու բնությունը, այլև օգտվելու նրա պարգևներից՝ ստեղծելով ինքնատիպ աշխատանքներ և աշնանային բնական նյութերը վերածելով ստեղծագործական մտահղացումների։ Բացի ստեղծագործական աշխատանքները, սաները նաև մաքրապատել են այգու տարածքը։

Բուսաբանական այգում անցկացրած օրը երեխաներին ևս մեկ անգամ հիշեցրել է, որ բնությունը մեր ընդհանուր տունն է, իսկ նրա հանդեպ սերն ու հոգատարությունը ձևավորվում են դեռ մանկուց։ Դիտարկել, ուսումնասիրել, ստեղծագործել և մաքուր պահել շրջակա միջավայրը․ այս փոքրիկ քայլերն են օգնում ձևավորել բնության նկատմամբ պատասխանատու վերաբերմունք և նպաստել ավելի կանաչ ապագայի կերտմանը։