"Along with Armenia": Summer educational gathering at ESC
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի տարրական դպրոցում կայացել է ամենամյա ամառային կրթական հավաքը՝ «Հայաստանով մեկ» խորագրով։
Ճամբարային երեք շաբաթներն անցել են տարբեր թեմատիկ խորագրերով՝ բացահայտելով Հայաստանի պատմությունը, մշակույթը, ազգային արժեքներն ու ավանդույթները։
Կրթական հավաքի ընթացքում սաները սովորել են, կերտել են, մրցել են, ընկերակցել են ու ճանաչել հայրենիքը։ Համատեղելով կրթությունն ու մշակույթը՝ շաբաթվա օրերին նրանք մասնակցել են բազմաբնույթ կրթական, ստեղծագործական և մարզական միջոցառումների, իսկ շաբաթվա ավարտը անցկացրել են բնության գրկում՝ ամրապնդելով ձեռք բերած գիտելիքներն ու ընկերական կապերը։
Կարճ ժամանակահատվածում ճամբարականներն ուսումնասիրել են պատմական Հայաստանի նահանգներն ու մայրաքաղաքները, կազմել են իրենց ընտանիքի տոհմածառը, բացահայտել են ազգային հագուստի ու ուտեստների առանձնահատկությունները, այցելել են պատմական կոթողներ, անցկացրել են խաղալիքների մրցաշար, ինչպես նաև իրենց ուսուցիչների օգնությամբ ծանոթացել են հայկական բարբառներին։
Ճամբարի ընթացքում սաները կազմել են նաև իրենց առօրյայի օրագիրը, որտեղ զետեղել են ճամբարային օրերի ամենավառ հիշողություններն ու ապրումները։
Ամառային հավաքի կարևոր բաղադրիչներից էին նաև թիմային աշխատանքը, համագործակցությունը, ստեղծագործ մտածողության զարգացումն ու հայրենաճանաչությունը։ Յուրաքանչյուր օր երեխաների համար դարձել է նոր բացահայտումների, հետաքրքիր փորձառությունների և անմոռանալի տպավորությունների աղբյուր։
Ճամբարն ավարտվել է ավանդույթ դարձած փակման արարողությամբ, որի ընթացքում երեխաները ծնողների հետ շուրջպար են բռնել, խաղացել են ազգային խաղեր, ներկայացրել են տարբեր երկրների վերաբերյալ իրենց պատրաստած տաղավարները և կիսվել ճամբարի ընթացքում ստացած տպավորություններով։
Տոնական միջոցառումն ամփոփվել է գեղեցիկ վալսով, որը դարձել է ամառային կրթական հավաքի խորհրդանշական ավարտը՝ թողնելով ջերմ հիշողություններ թե՛ երեխաների, թե՛ ծնողների և ուսուցիչների համար։