"Armenian Identity": Presentation of the project work at ESC

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի 3-րդ «բ» դասարանի աշակերտներն իրականացրել են «Հայի ինքնություն» նախագծային աշխատանքը, որը ներկայացրել են տոնական ցերեկույթի ժամանակ։

Աշխատանքի առանցքային թեմաներն են եղել հայոց լեզուն, հայրենիքը և ազգային արժեքները։

Նախագծային աշխատանքի շրջանակում իրականացվել է նաև արշավ դեպի Գութանասար, որը աշակերտներին հնարավորություն է տվել ոչ միայն բացահայտելու հայրենի բնաշխարհի գեղեցկությունն ու ճանաչելու պատմամշակութային արժեքները, այլև առավել խորությամբ զգալու հայրենի հողի հետ ունեցած հոգևոր կապը։

Գութանասարի գագաթին, հայրենի բնության վեհության ներքո, հնչել է Համո Սահյանի «Բայց ուր տանի…» բանաստեղծությունը՝ խորհրդանշելով հայ մարդու անխզելի կապն իր լեզվի, հայրենիքի և ազգային ոգու հետ։

ԳԱՈՒՍ-ի բեմում կայացած միջոցառման նպատակն էր աշակերտների մեջ ամրապնդել ազգային ինքնագիտակցությունը, սերն ու նվիրումը մայրենի լեզվի, հայրենիքի, ազգային մշակույթի և պատմության նկատմամբ։

Ըստ դասվար Անի Բաղդասարյանի՝ այս նախաձեռնությունը դարձել է ոչ միայն ուսումնական նախագիծ, այլև արժեքային դաստիարակության գեղեցիկ դրսևորում՝ ևս մեկ անգամ հաստատելով, որ հայի ինքնությունը կերտվում և պահպանվում է մայրենի լեզվի, պատմական հիշողության, մշակույթի և հայրենի բնության նկատմամբ սիրո ու պատասխանատվության շնորհիվ։