Career orientation meeting with representatives of Saint Petersburg State University
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկում տեղի է ունեցել մասնագիտական կողմնորոշմանն ուղղված հանդիպում Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի պրոռեկտորի և բուհի ներկայացուցիչների հետ։
Ռուսաստանի Դաշնությունից Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի պատվիրակությանը՝ ի դեմս Միջազգային հարաբերությունների գծով պրոռեկտոր Սերգեյ Անդրյուշինի, և «Մեր ապագան» հիմնադրամի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանին դիմավորել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի տնօրեն Ալեքսանդր Գրիգորյանը։
Հիմնարկի ղեկավարությունը հյուրերի համար կազմակերպել է շրջայց, որից հետո նրանց ուղեկցել է ՈՒՍՀ դահլիճ, որտեղ դպրոցի սաները հանդես են եկել երաժշտական կատարումներով։
Միջոցառման առաջին մասից հետո դպրոցի բարձր դասարանների սովորողների համար Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների գծով պրոռեկտոր Սերգեյ Անդրյուշինը և բուհի ընդունելության կազմակերպման բաժնի վարիչի տեղակալ, օտարերկրյա քաղաքացիների ընդունելության բաժնի վարիչ Օլեսյա Լոպաչը ներկայացրել են համալսարանի կրթական ծրագրերը, ընդունելության կարգն ու օտարերկրյա դիմորդների համար առկա հնարավորությունները։
Ելույթներից հետո աշակերտները հյուրերին ուղղել են բազմաթիվ հարցեր՝ բուհ ընդունվելու ընթացակարգի, Ռուսաստանի Դաշնությունում ուսումնառության, ժամանակակից մասնագիտությունների պահանջարկի և բարձրագույն կրթությանը վերաբերող այլ թեմաների շուրջ։
Միջոցառման ավարտից հետո «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի ղեկավարության և Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի պատվիրակության անդամների միջև տեղի է ունեցել քննարկում հետագա համագործակցության հեռանկարների շուրջ։