International cooperation with Chinese universities
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի պատվիրակության Չինաստան աշխատանքային այցի շրջանակում հանդիպումներ են տեղի ունեցել Ֆուդանի և Նանկինի համալսարանների արտասահմանցի ուսանողների ընդունելությունը կազմակերպող ստորաբաժանումների ղեկավարության հետ։
Հիմնարկի տնօրեն Ալեքսանդր Գրիգորյանը, տնօրենի՝ ուսումնական աշխատանքների և սպորտի գծով տեղակալ Էմին Սանթրոսյանը ու ՏՏ ոլորտի պատասխանատու Պարույր Վարդերեսյանը այցելել են Շանհայ քաղաքում գտնվող Ֆուդանի համալսարան, որը «QS World University Rankings 2026» հեղինակավոր վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 30-րդ հորիզոնականը, իսկ «Academic Ranking of World Universities 2025» աղյուսակում՝ 41-րդ տեղը։
Համալսարանի օտարերկրյա ուսանողների հետ աշխատանքների ներկայացուցիչները պատմել են բուհի առավելությունների մասին, ներկայացրել են անգլիալեզու կրթական ծրագրերն ու ուսանողների համար հասանելի ենթակառուցվածքները։
Տնօրեն Ա․ Գրիգորյանը, ներկայացնելով «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկը, նշել է, որ այն ՀՀ մասնավոր կրթահամալիրների շարքում սաների թվով զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը և ունի բարձր վարկանիշ։
ՈՒՍՀ պատվիրակությունը այցելել է նաև Նանկինի համալսարան, որը «Academic Ranking of World Universities 2025» աղյուսակում զբաղեցնում է 75-րդ հորիզոնականը։ Այստեղ հանդիպում է տեղի ունեցել Համալսարանի միջազգային ուսանողների ինստիտուտի ընդունելության բաժնի ղեկավար Ե Ռունյույի հետ։
Կողմերը ներկայացրել են իրենց կրթական հաստատությունները, սաներին առաջարկվող ծառայությունները, կրթական մոտեցումներն ու պատկերացումները։ Հանդիպման ընթացքում նախանշել են այն ուղիները, որոնք թույլ կտան Կրթահամալիրի շրջանավարտներին իրենց ուսումը շարունակել Նանկինի համալսարանում։
Շանհայի և Նանկինի համալսարանների հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն շարունակել շփումներն ու փոխադարձ այցելությունները՝ ՈՒՍՀ շրջանավարտների համար նոր հնարավորություններ ստեղծելու նպատակով։