Presentation of project work at the KZNAK Foundation
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի սաները «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն» հիմնադրամում ներկայացրել են իրենց կողմից իրականացված նախագծային աշխատանքը։
Ուսումնական տարվա սկզբին ԿԶՆԱԿ հիմնադրամը նախաձեռնել էր ուսումնական նախագծերի իրականացման ծրագիր, որին մասնակցել է Երևանի 20 դպրոց։
Մեր դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներ Նատալի Թունյանը, Մարիամ Սարգսյանը, Դավիթ Տուրյանը, Մարկ Թորոսյանը և Հայկ Հաջիյանը ներկայացրել են «Հայ գրականություն» առարկայից իրականացված ուսումնական նախագծային աշխատանքը։
Աշխատանքի նպատակն է եղել ուսումնասիրել Ակսել Բակունցի ստեղծագործությունների հերոսների դիլեմաների (երկընտրանքների) արտացոլումը մեր օրերում և գրականության օրինակով ձևավորել պատասխանատու բարոյական վարքագիծ։
Նախագծային աշխատանքի իրականացման շրջանակում աշակերտները առարկայական ուսուցիչ Լիլիթ Գրիգորյանի աջակցությամբ իրականացրել են հարցազրույցներ ՈՒՍՀ ուսուցիչների և կրթական միջավայրի ներկայացուցիչների հետ։
Սաների կատարած ուսումնասիրության և հարցազրույցների վերլուծության արդյունքում կազմվել է գործողությունների քայլարշավ, որը ներառում է վերհանված թեմաների շուրջ քննարկումներ, ներքին դպրոցական արշավներ, թվային հարթակի ստեղծում և այլ միջոցառումներ։