The start of the new academic year at GAUS
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Ուսումնա-սպորտային համալիրը դիմավորել է իր նոր ուսումնական տարվա աշակերտներին։
Միջոցառմանը դպրոցականներին շնորհավորելու համար ներկա էին Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը և նրա տիկինը, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Աշխատակազմի ղեկավար-գործերի կառավարիչ, ՈՒՍՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահե Ստեփանյանը և «Մեր ապագան» կրթամշակութային բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Վահրամ Կարապետյանը։
Նոր ուսումնական տարվա մեկնարկի առիթով աշակերտներին, ծնողներին և մանկավարժներին շնորհավորել է ՈՒՍՀ տնօրեն Ալեքսանդր Գրիգորյանը։
Դիմելով առաջին դասարանցիներին՝ տնօրենը նշել է, որ այսօրվանից նրանք նույնպես դառնում են դպրոցի մեծ ընտանիքի մի մասը։
Անցնող ուսումնական տարվա ձեռքբերումների մասին խոսելիս՝ նա կարևորել է այն հանգամանքը, որ դպրոցն ընդգրկվել է «World’s Best School Prizes 2026» միջազգային հեղինակավոր մրցանակաբաշխության աշխարհի լավագույն 10 դպրոցների շարքում։
«Ձեր յուրաքանչյուր հաղթանակի, յուրաքանչյուր մրցանակի, յուրաքանչյուր հաջողված նախագծի հետևում լինելու է քրտնաջան աշխատանքը, հետաքրքրասիրությունն ու համառությունը։ Իսկ մենք խոստանում ենք լինել ձեր կողքին, օգնել հաղթահարել բոլոր դժվարությունները և հպարտությամբ փաստել ձեր բոլոր ձեռքբերումները։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ»,- ելույթն ամփոփել է Ա․ Գրիգորյանը։
Միջոցառման հանդիսավոր հատվածին հաջորդել են դպրոցի թատերական խմբակի փոքրիկ բեմադրությունը, սաների պարային համարներն ու երգչախմբի ելույթը։
Տոնական միջոցառումից հետո դպրոցական կյանք մուտք գործող երեխաներն իրենց դասվարների հետ ուղևորվել են դասարաններ՝ սկսելու ուսումնական առօրյան։