"Steps Through the Ages: Land, History, Identity": a project

ԳԱՈՒՍ 4-րդ «գ» դասարանի սաները ուսումնական տարին սկսել են նոր նախագծով, որի շրջանակում բացահայտում են Հայաստանի պատմությունը՝ այցելելով պատմամշակութային վայրեր և ծանոթանալով հայրենիքի ժառանգությանը։

Առաջին արշավի ընթացքում նրանք այցելել են Կոտայքի մարզում գտնվող Թեղենյաց վանական համալիր, իսկ երկրորդ ուղղությունը Տավուշի մարզի Մաթոսավանքն էր՝ պատմական ու հոգևոր արժեք ներկայացնող վանական համալիրներից մեկը։

Այս արշավները երեխաների համար ոչ միայն հայրենիքի պատմությունն ու մշակույթը ճանաչելու, այլև միմյանց ավելի լավ բացահայտելու, միասին նոր փորձառություններ ձեռք բերելու և թիմային կապերն ամրապնդելու հնարավորություն են։

«Նախագծային աշխատանքի նպատակն է, որ երեխաները սեփական աչքերով տեսնեն, զգան ու ապրեն Հայաստանի պատմությունը, որ կանգնեն դարերի պատմություն ունեցող քարերի առջև և հասկանան՝ այդ քարերի մեջ մեր ինքնությունն է, մեր հիշողությունն ու մեր լինելիությունը»,- նշել է դասվար Անի Նիկողոսյանը։

Ըստ նրա՝ հայրենատիրությունը պատասխանատվություն է՝ ճանաչելու, պահպանելու, արժևորելու և անհրաժեշտության դեպքում պաշտպանելու այն, ինչ մեզ է վստահվել։ Հայրենիքի տերը նա է, ով գիտի նրա պատմությունը, հոգ է տանում նրա այսօրվա մասին և պատասխանատվություն է զգում նրա վաղվա հանդեպ։