Cambridge English proficiency exam certificates
Ընթացիկ ուսումնական տարվա ընթացքում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի բազմաթիվ աշակերտներ, անգլերենի առարկայից անցնելով նպատակային նախապատրաստական դասընթացներ, մասնակցել են Քեմբրիջի անգլերենի որակավորման քննություններին և հաջողությամբ հաղթահարել դրանք՝ ցուցաբերելով բարձր արդյունքներ։
Աշակերտների ձեռքբերումները նշանավորվել են վկայականների հանձնման հանդիսավոր արարողությամբ։ Միջոցառման ընթացքում ՈՒՍՀ անգլերենի ամբիոնի վարիչ Գոհար Թադևոսյանը ներկայացրել է Քեմբրիջի քննությունների նշանակությունը՝ ընդգծելով միջազգային չափանիշներին համապատասխան անգլերենի իմացությունը հավաստող վկայականների կարևորությունը։
Նա նաև տեղեկացրել է, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկը մեկ տարով ստացել է Քեմբրիջի անգլերենի քննություններին նախապատրաստող պաշտոնական կենտրոնի կարգավիճակ։
Արարողության ընթացքում աշակերտներին վկայականներ հանձնել է Քեմբրիջի անգլերենի լիազորված քննական կենտրոն հանդիսացող «PrimeExams» թիմի ներկայացուցիչը։ Սաները շնորհակալություն են հայտնել ուսուցիչներին՝ քննություններին նախապատրաստվելու ընթացքում ցուցաբերած աջակցության, գիտելիքների և հետևողական աշխատանքի համար։
Շնորհավորում ենք մեր աշակերտներին և մաղթում նոր հաջողություններ՝ գիտելիքների ու կարողությունների շարունակական զարգացման ճանապարհին։