Matters of the Heart: Support for the G. Melikyan Foundation

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկն ամանորյա բարեգործական ցուցահանդես-տոնավաճառից գոյացած հասույթի մի մասը, որը հավաքագրվել է ԳԱՈՒՍ–ի աշխատակիցների կողմից, տրամադրել է «Գուրգեն Մելիքյանի՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքներին հիմնադրամին»։

Հավաքագրված միջոցները հանձնելու համար Հիմնարկի տնօրեն Ալեքսանդր Գրիգորյանը հյուրընկալել էր Հիմնադրամի նախագահ, բանասիրական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի բազմամյա դեկան Գուրգեն Մելիքյանին, Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի բազմամյա դեկան, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Արծրուն Ավագյանին, Խորհրդի անդամ, Հայաստանի վաստակավոր նկարիչ Շմավոն Շմավոնյանին և Խորհրդի արտասահմանյան անդամ, անկախ հետազոտող Թոնի Քահվեին։

Տնօրենը և Հիմնարկի ղեկավարության անդամները շնորհակալություն են հայտնել Հիմնադրամին ծավալած գործունեության համար և մաղթել, որ այդ գործունեությունը դեռ երկար տարիներ շարունակի իր ընթացքը։

Ա․ Գրիգորյանը փատել է, որ Հիմնարկը մշտապես պատրաստ է աջակցել հայրենասիրական կառույցին՝ շարունակելով լավագույն ավանդույթները։

Գ․ Մելիքյանը նշել է, որ Հիմնադրամը շարունակում է բարեգործությամբ զբաղվել և աջակցություն ցուցաբերել բազմազավակ ընտանիքներին սրտացավ մարդկանց շնորհիվ․ «Մեր հանդիպումներն այս հիմնարկում սրտի համար հանդիպումներ են, հայ լինելու ու մնալու նպատակով կայացող հանդիպումներ են, և ես շնորհակալ եմ դրա համար»։

Ա․ Ավագյանը փոխանցել է Հիմնարկի ղեկավարության և աշակերտական խորհրդի անդամներին նրանց միջոցով աջակցության ստացած բազմազավակ ընտանիքների մեծ երախտիքը և ընթերցել «Գուրգեն Մելիքյանի՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքներին հիմնադրամի» կողմից ՈՒՍՀ-ին տրվող շնորհակալագիր տեքստը։

Հանդիպման ավարտին Հիմնադրամի ներկայացուցիչները դիտել են ԳԱՈՒՍ թատերախմբի ամանորյա երաժշտական ներկայացումը։