Introduction to medieval Armenian culture: a visit to the Matenadaran
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի դպրոցի 9-րդ գ դասարանի աշակերտներն այցելել են Մատենադարանի «Միջնադարյան Հայաստանի հմտություններ, արհեստներ և արվեստներ» լաբորատորիա-ցուցասրահ։
Նորարարական լաբորատորիայում առարկայական ուսուցիչ Լիլիթ Գրիգորյանի օգնությամբ աշակերտները միջնադարյան հայկական մշակույթին ծանոթացել են «զգալու և փորձելու» ձևաչափով։
Այցի ընթացքում նրանք ուսումնասիրել են ձեռագրերի ստեղծման ամբողջ գործընթացը՝ սկսած նյութերի ընտրությունից մինչև գրի, ձևավորման և գունավորման առանձնահատկությունները՝ բացահայտելով այն գիտելիքները, որոնք միջնադարում կուտակել և փոխանցել է հայ ժողովուրդը։
Այցը միատեղել է «Հայոց լեզու», «Գրականություն», «Պատմություն» և «Կերպարվեստ» առարկաները՝ ստեղծելով ուսումնառության կենդանի միջավայր։ Աշակերտները հնարավորություն են ստացել պատկերացում կազմելու միջնադարյան Հայաստանի կենցաղի, մասնագիտությունների և գիտելիքի փոխանցման ձևերի մասին՝ հասկանալով ձեռագրի կարևորությունը որպես ժամանակի հիմնական տեղեկատվական աղբյուր։
Այցը նպաստել է նաև քննադատական մտածողության զարգացմանը․ աշակերտները քննարկել են, թե ինչպես է ստեղծվում պատմական աղբյուրը, ինչի վրա են հիմնվում մեր գիտելիքները միջնադարի մասին և ինչ դեր ունի ձեռագիրը՝ որպես սկզբնաղբյուր։
Նման կրթական այցելությունները հնարավորություն են տալիս դպրոցական ծրագրի բովանդակությունը տեղափոխել իրական մշակութային միջավայր՝ դարձնելով ուսումնառությունը ավելի ընկալելի, հետաքրքիր և տպավորիչ։