ESC students wrote the Geographical Dictation
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկում «Մեր ապագան» հիմնադրամի նախաձեռնությամբ անցկացվել է Ռուսական աշխարհագրական ընկերության 11-րդ միջազգային կրթական ակցիան՝ «Աշխարհագրական թելադրություն 2025»-ը։
Ամենամյա միջազգային նախաձեռնությունը Հայաստանում միավորել է ավելի քան 300 մասնակցի՝ դպրոցականների, ուսանողների, ուսուցիչների և տարբեր մասնագետների։ Տասը տարվա ընթացքում այն ընդգրկել է ավելի քան չորս միլիոն մասնակից 130 երկրներից։
Այս տարի ՈՒՍՀ-ն դարձել է Թելադրության ամենամեծ տարածաշրջանային հարթակներից մեկը, որտեղ հավաքվել էին ոչ միայն բնագիտական հոսքի աշակերտներ, այլև «Աշխարհագրություն» առարկայով հետաքրքրված սաներ։
Միջոցառման մեկնարկից առաջ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի տնօրեն Ալեքսանդր Գրիգորյանը ողջունել է մասնակիցներին և նշել, որ «Աշխարհագրական թելադրությունը» առաջին անգամ է անցկացվում դպրոցում, բայց արդեն համախմբել է ավելի քան 40 մասնակցի։
«Սա լավ հնարավորություն է ցույց տալու Ռուսաստանի մասին ունեցած գիտելիքները և իմանալու նոր փաստեր։ Բոլորին մաղթում եմ հաջողություն», - ասել է տնօրենը։
«Մեր ապագան» հիմնադրամի գործադիր տնօրեն Վահրամ Կարապետյանը նշել է, որ ակցիայի նպատակը հետաքրքրություն արթնացնելն է և ցույց տալը, որ աշխարհագրությունը պարզապես դպրոցական առարկա չէ, այլ բանալի՝ բնության, հասարակության և պատմության փոխկապակցվածությունը հասկանալու համար։
«Մենք ուրախ ենք, որ այս տարի դուք միացել եք այս միջազգային նախաձեռնությանը, որը Հայաստանում կազմակերպվում է արդեն չորրորդ անգամ», - ընդգծել է Վ. Կարապետյանը։
Ողջույնի խոսքերից հետո ՈՒՍՀ ռուսաց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ Թամարա Արուշանովան ներկայացրել է տեղեկատվություն միջոցառման վերաբերյալ և բացատրել Թելադրության անցկացման կանոնները։
Աշակերտները մեծ հետաքրքրությամբ մասնակցել են նախաձեռնությանը, իսկ վերջում ստացել հավաստագրեր։