«Իրավունք բոլորի համար». ՈՒՍՀ սաները՝ դատախաղ-մրցույթի մասնակից
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի ավագ դպրոցի սաները մասնակցել են ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում կայացած դատախաղ-մրցույթին, որը կազմակերպվել էր ԵՊՀ իրավաբանական կլինիկայի «Իրավունք բոլորի համար» ծրագրի շրջանակում՝ ԵՊՀ ընդունվողների և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոնի ու գործընկեր ուսումնական հաստատությունների համագործակցությամբ։
Մրցույթին մասնակցել են հանրապետության հինգ ավագ դպրոցների աշակերտներ, որոնք հանդես են եկել որպես դատավարության կողմեր՝ մեղադրյալներ, պաշտպաններ, հանրային մեղադրողներ և վկաներ։
Մեր սաները՝ 10-րդ դասարանցիներ Դավիթ Տուրյանը, Սամվել Դանիելյանը, Մարկ Թորոսյանը և 7-րդ դասարանցիներ Մերի Սիմոնյանը ու Արեն Տուրյանը ներկայացրել են պաշտպանության կողմը։ Հմուտ և նվիրված աշխատանքի արդյունքում մեր սաները հաղթանակ են տարել՝ վստահորդները (մեղադրյալները) արդարացվել են։
«Հասարակագիտություն» առարկայի ուսուցչուհի Մարինե Սարգսյանը, ով ղեկավարել է ՈՒՍՀ թիմը, մեզ հետ զրույցում նշել է, որ դատախաղում ներկայացված գործը հիմնված է եղել իրական քրեական վարույթի վրա, ինչը հատկապես հետաքրքրել է մասնակիցներին։ Նրա խոսքով՝ նման ձևաչափի խաղերը նպաստում են դպրոցականների իրավագիտակցության բարձրացմանը և արդարադատության համակարգի նկատմամբ վստահության խորացմանը։