Ընդհանուր նկարագիր

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր»
հիմնարկի դպրոց


Դպրոց, որտեղ ուզում ես սովորել

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի դպրոցը գործում է 2019 թվականից։ Այն ներառում է տարրական, միջին և ավագ դպրոցներ։
2023 թվականից գործող ռուսական դասարանների հիմքի վրա՝ 2025 թվականին ՌԴ և ՀՀ կառավարությունների միջև կնքված համաձայնագրի վավերացմամբ, գործունեություն է սկսել նաև Հիմնարկի ռուսական դպրոցը, որտեղ կրթական գործընթացը իրականացվում է Ռուսաստանի Դաշնության պետական կրթական չափորոշիչներին համապատասխան՝ ռուսերենով, հայերենի պարտադիր դասավանդմամբ՝ տարրական ընդհանուր կրթության կրթական ծրագրով։

Դպրոցի հիմնական նպատակը սովորողի բազմակողմանի զարգացման հայեցակարգն է՝ հիմնված ազգային հարուստ ժառանգության, մշակութային ավանդույթների, նորարարական կրթական մոտեցումների, ինչպես նաև որակյալ գիտելիքների, գործնական հմտությունների և կարողությունների փոխառնչության վրա։


✔️Կրթական մոտեցում

Մեր կրթական ծրագրի հիմքում «Հնարավորությունների հավասար զարգացման համակարգն» է, որն ապահովում է սաների համապարփակ կրթությունը։ ՈՒՍՀ-ի մասնագիտական թիմը մշակել է այլընտրանքային կրթական ծրագիր, որը համադրում է դասավանդման ավանդական և ժամանակակից մեթոդները՝ ստեղծելով համակողմանի զարգացում ապահովող միջավայր, որտեղ յուրաքանչյուր սովորող կարող է բացահայտել իր կարողությունները և ձևավորել կայուն արժեքային համակարգ։


✔️Դպրոցի առավելությունները

  • Բարձրակարգ վարչական, մանկավարժական և մարզչական աշխատակազմ,
  • հեղինակային ծրագրեր, որոնք ապահովում են կրթության շարունակականությունը և միտված են սաների ներդաշնակ և համակողմանի զարգացմանը,
  • օտար լեզուների (ռուսերեն, անգլերեն) դասավանդում՝ առաջին դասարանից սկսած,
  • օտար լեզուների և մաթեմատիկայի տարամակարդակ խորացված ուսուցում,
  • քննադատական մտածողությունը, թիմային համագործակցությունը և ստեղծարարությունը զարգացնող նախագծային և/կամ ֆենոմենակենտրոն ուսուցում,
  • համագործակցություն հայկական և արտասահմանյան կրթական հաստատությունների            հետ,
  • ավագ դպրոցում հոսքային ուսուցում ըստ նախասիրությունների՝ ֆիզիկամաթեմատիկական, հումանիտար, բնագիտական կամ տնտեսագիտական ուղղություններով,
  • թեմատիկ էքսկուրսիաներ, կրթական հանդիպումներ, արշավներ,
    հանդիպումներ ականավոր գիտնականների, մասնագետների ու գործիչների հետ,
  • թեմատիկ ցերեկույթներ և այլն։

Դասագրքերը և աշխատանքային տետրերը սովորողներին տրամադրվում են դպրոցի կողմից։ Ուսումնական պարապմունքներից զատ կազմակերպվում է նաև դասապատրաստում, որը իրականացվում է դասվարի, ուսուցչի օգնականի, դասղեկի և առարկայական ուսուցիչների անմիջական վերահսկողությամբ։


✔️Լրացուցիչ կրթություն

Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված առարկաներից բացի՝ սովորողները «զարգացման եռաբաղադրիչ բանաձևի» շրջանակում հնարավորություն ունեն բացահայտելու իրենց ներուժը՝ մասնակցելով լրացուցիչ կրթության դասընթացների, որոնք բաժանվում են երեք ուղղվածությունների՝

Մտավոր՝ ֆրանսերեն, գերմաներեն, չինարեն, իսպաներեն, ռոբոտաշինություն, ծրագրավորում, արհեստական բանականություն, գործարարության հիմունքներ, պատանի բնագետ, գրաֆիկական դիզայն։
Ֆիզիկական՝ լող, հոկեյ, գեղասահք, սեղանի թենիս, ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, ձյուդո, հեծանվային սպորտ։
Ստեղծագործական՝ խեցեգործություն, նկարչություն, դիզայն, երգչախումբ, հագուստի մոդելավորում, խոհարարություն, մեդիագրագիտություն։

Ըստ սովորողների կարողությունների կազմվում են նաև մաթեմատիկայի և ֆիզիկայի օլիմպիական խմբակներ, ինչպես նաև ֆուտբոլի, շախմատի, լողի և այլ ուղղվածության հավաքական խմբակներ։ Ձայնային լավագույն տվյալներ ունեցող սաները ընդգրկվում են դպրոցի երգչախմբում, իսկ դերասանական արվեստի նկատմամբ հակում ունեցող սովորողները դառնում են թատերախմբի անդամ։


✔️Միջավայր և ենթակառուցվածքներ

  • Յուրօրինակ և ժամանակակից չափանիշներին համապատասխանող կրթական համալիր՝ գերժամանակակից ենթակառուցվածքներով,
  • բակային գոտի՝ կանաչապատ տարածքով,
  • ժամանակակից դասասենյակներ՝ նորարարական սարքավորումներով,
  • փակ լողավազան, սահադաշտ, բացօթյա մարզադաշտ և սպորտային դահլիճներ,
  • ստեղծագործական խմբակների համար համապատասխան կահավորմամբ ստուդիաներ,
  • լաբորատորիաներ,
  • շուրջօրյա հսկողություն և անվտանգության համակարգ։

✔️Առողջություն և բարեկեցություն

Սովորողների համար ըստ անհրաժեշտության կազմակերպվում է բժշկի, հոգեբանի և լոգոպեդի աջակցություն։ Սնունդը կազմակերպվում է դպրոցական ճաշարանում՝ առողջ սննդակարգի սկզբունքներով և խիստ վերահսկողությամբ։
1–6-րդ դասարանցիները ստանում են օրական երեքանգամյա, իսկ 7–12-րդ դասարանցիները՝ երկանգամյա սնունդ։


✔️Կազմակերպչական մոտեցում

Դպրոցում ուսումնական գործընթացը տևում է 9 ամիս։ Աշնանային, ձմեռային և գարնանային արձակուրդների ընթացքում կազմակերպվում են ճամբարներ։
Դասերը կազմակերպվում են հնգօրյա գրաֆիկով՝ 08:15-ից մինչև 17:30։


✔️Ընդունելություն

Ընդունելությունը կազմակերպվում է ըստ դպրոցի ընդունելության կարգի։
Առաջին դասարանի ընդունելության վերաբերյալ կայքում և սոցիալական էջերում տարածվում են հայտարարություններ։


Վճար

2025–2026 ուսումնական տարվա համար տարեկան ուսման վարձը կազմում է 2,250,000 ՀՀ դրամ։

Մեկ ընտանիքից դպրոց և/կամ մանկապարտեզ հաճախող երկրորդ երեխայի համար կիրառվում է զեղչ՝ մեկ ուսումնական տարվա վճարի դրույքաչափի նկատմամբ 10% չափով։
Երկրորդ երեխայից հետո յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար կիրառվում է ևս 10% զեղչ։

📌 Մանրամասների համար կարող եք զանգել 012 620 626 հեռախոսահամարով։