ՈՒՍՀ շրջանավարտների միություն

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի շրջանավարտները, շարունակելով իրենց կրթական և ստեղծագործական ուղին տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններում, չեն խզում կապը հարազատ դպրոցի հետ՝ համալրելով Շրջանավարտների միության շարքերը։

ՈՒՍՀ ավագ դպրոցն արդեն ունի շրջանավարտների չորս սերունդ՝ ավելի քան 40 աշակերտ։ Նրանք շարունակում են ուսումը ինչպես Հայաստանի լավագույն բուհերում, այնպես էլ միջազգային բարձր վարկանիշ ունեցող կրթօջախներում։

Կրթահամալիրի առաջին շրջանավարտներից է Լիանա Հովհաննիսյանը, ով սովորում է Հայաստանի Ամերիկյան Համալսարանի «Անգլերեն և հաղորդակցություն» բաժնում։
Թեև նա ավարտել է դպրոցը 2022 թվականին, սակայն ներկա է եղել հաջորդ սերունդների Վերջին զանգի միջոցառումներին՝ մասնակցելով թատերականացված ներկայացումներին։

Դպրոցի հաջողակ շրջանավարտներից է նաև Վիգեն Սիմոնյանը, ով «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ նպատակային համաձայնագիր է կնքել և այժմ սովորում է Ի. Մ. Գուբկինի անվան Ռուսաստանի նավթի և գազի պետական համալսարանում։
Ուսումն ավարտելուց հետո Վիգենը պատրաստվում է վերադառնալ Հայաստան և աշխատել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում։ Նա պարբերաբար այցելում է հարազատ դպրոց, իսկ ՈՒՍՀ ղեկավարությունը մշտապես տեղեկացված է նրա կրթական հաջողություններին։

Նշենք, որ այս տարվա ապրիլին Վիգենը անակնկալ այցով Մոսկվայից մեկնել էր Սանկտ Պետերբուրգ՝ ոգևորելու Բրյանցևի անվան միջազգային թատերական փառատոնին մասնակցող մեր թատերախմբին։

Գրետա Սարգսյանը, ով ավարտել է դպրոցը 2024 թվականին, մինչ օրս շարունակում է մնալ դպրոցական թատերախմբի ակտիվ անդամ։ Նա որոշել է շարունակել իր կրթությունը թատերական ուղղությամբ՝ Լոնդոնում։

Գրետան մասնակցում է թատերախմբի գրեթե բոլոր ներկայացումներին։ Այս տարի նա պառավի կերպարով հանդես է եկել «Հեքիաթ ձկնորսի և ձկան մասին» ներկայացման մեջ՝ Բրյանցևի անվան թատերական համույթների միջազգային 26-րդ փառատոնի շրջանակում, որն անցկացվել է Սանկտ Պետերբուրգի Պատանի հանդիսատեսի պետական թատրոնի բեմում։

Ներկայացումն արժանացել է փառատոնի գլխավոր մրցանակին՝ Գրան պրիին, իսկ Գրետան՝ մասնակից թատերական հանրության հիացմունքին։

ՈՒՍՀ շրջանավարտների միությունը շարունակում է ընդլայնվել։ Մենք պարբերաբար ձեզ ենք ներկայացնելու նաև մեր մյուս շրջանավարտներին։