Թումանյանական օր ԳԱՈՒՍ–ում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիրի» 11-րդ դասարանցիները նշել են Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, որը վերածվել է իրական գրատոնի։ Փետրվարի 19-ը ոչ միայն Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է, այլև գրքի տոնը՝ գիտելիքի, արվեստի և իմացության հաղթանակի խորհրդանիշը։ Այս օրը նորից ու նորից բացում ենք մեծ բանաստեղծի ստեղծագործությունների կախարդական դարպասները, որտեղ հեքիաթներն ու կյանքի ճշմարտությունները զրուցում են միմյանց հետ։

Թումանյանի խոսքը մնում է կենդանի լույս՝ առաջնորդելով սերունդներին, սովորեցնելով սիրել գիրքը, իմաստությունը և հայրենիքը։

11-րդ դասարանցիները գրականության ուսուցիչ Լիլիթ Գրիգորյանի և դասղեկ Սմբատ Խալաթյանի հետ միասին ամենագրքային իրադարձությանն ընդառաջ «Գաղտնի Թումանյան» գրքատոն-խաղի շրջանակում միմյանց գրքեր և հուշանվերներ են նվիրել, ներկայացրել հետաքրքիր պատմություններ Թումանյանի մասին։

Միջոցառման ավարտին աշակերտները կարևորել են, որ գիրքն ու գրականությունը մեր ազգային հարստությունն են, իսկ Թումանյանի պոեզիան՝ մեր հոգու խարիսխը։