ԳԱՈՒՍ շրջանավարտը ՀՀ ՏՏ ոլորտի 2023-2024 թթ․ լավագույն աշակերտն է․ հարցազրույց
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիրի» ավագ դպրոցի 2023-2024 թվականի շրջանավարտ Լինա Մեջլումյանը «Սինոփսիս Արմենիա» ընկերության կողմից կազմակերպված «Ճանաչել լավագույններին, խանդավառել հաջորդներին» կարգախոսով ՏՏ ոլորտի մրցանակաբաշխության արդյունքում «Գլխավոր մրցանակ աշակերտների համար» անվանակարգում արժանացել է գլխավոր մրցանակին։
Մենք զրուցել ենք Լինայի հետ՝ պարզելու նրա նախասիրություններն ու ապագային մասին պատկերացումները։
- Որո՞նք են եղել դպրոցական տարիների ամենավառ հիշողությունները։
- Պիտի ասեմ, որ իմ կյանքի ամենահետաքրքիր հիշողությունները հենց դպրոցի հետ են կապված։ Այստեղ ես հնարավորություն ունեցա մասնակցել տարատեսակ մրցույթների, գիտական փառատոնների, այցելեցի տարբեր լաբորատորիաներ, մասնակցեցի գիտափորձերի, որոնցից ամենատպավորիչները վիրահատություն էր մկան ուղեղի վրա և սուրճի թափոնից դեղամիջոցի ստացումը։
- Ո՞ր առարկաներն եք սիրում։
- Շատ եմ սիրում «Կենսաբանություն» առարկան։ Ինչպես նշեցի, դպրոցական տարիներին շատ լաբորատորիաներ եմ այցելել ու հետաքրքիր գիտափորձեր եմ կատարել։ 2022 և 2024 թվականներին մասնակցել եմ Կենսաբանության միջազգային օլիմպիադայի՝ գրավելով երրորդ տեղը։
- Որտե՞ղ եք շարունակում Ձեր կրթությունը և ի՞նչ ոլորտում։
- Այս տարի ընդունվել եմ Հայաստանի ամերիկյան համալսարան և սովորում եմ «Տվյալագիտություն» կրթական ծրագրով։ Ես միավորել եմ իմ նախասիրությունները՝ կենսաբանությունը, մաթեմատիկան ու ինֆորմատիկան, և 4-րդ կուրսում մասնագիտանալու եմ բիոինֆորմատիկայի ոլորտում։ Ըստ իս՝ ինֆորմատիկան կարող է տալ գրեթե բոլոր հարցերի պատասխանները։ Առհասարակ, կան այնպիսի հարցեր, որոնց պատասխանը մարդն ամբողջ կյանքում չի կարողանա գտնել, քանի որ նրա ուղեղն այնքան արագ չի աշխատում, որքան համակարգչինը։ Այնտեղ, որտեղ անհրաժեշտ է կարճ ժամանակում արագ ու ճշգրիտ հաշվարկներ անել, օգնության է գալիս համակարգիչն ու հեշտացնում մարդու կյանքը։
- Հիմա հետհայաց գցելով, կարո՞ղ եք գնահատել դպրոցում Ձեր ստացած կրթության որակը։
- Կրթության որակը ԳԱՈՒՍ–ում ծայրահեղ բարձր մակարդակի վրա է եղել։ Ինձ թվում է, որ Հայաստանի որևէ դպրոցում այսչափ շատ գիտելիք չեն տալիս։ Եվ եթե աշակերտը պատրաստ է սովորել ու պրպտող է, կկարողանա հասնել ամեն ինչի, քանի որ բոլոր ուսուցիչները պատրաստ են հնարավորինս ավելին տալու և սովորեցնելու։ Օրինակ՝ մենք 10-րդ դասարանում չունեինք դասեր «Կենսաբանություն» առարկայից, բայց ուսուցիչը՝ ընկեր Ռուբինա Հարությունյանը, իմանալով նախասիրություններիս մասին, միշտ ներգրավել է ինձ բազմաթիվ նախաձեռնություններում։ Նույնը կարող եմ ասել «Մաթեմատիկա» առարկայի ուսուցչի՝ ընկեր Սմբատ Շահինյանի մասին։ Նա, իմանալով, թե որտեղ եմ սովորելու, իմ խնդրանքով 0-ից բացատրել է ինձ համալսարանական առաջին կուրսի «Մաթեմատիկան»։ Ընդհանրապես, դպրոցի բոլոր ուսուցիչներն անհատական մոտեցում են ցուցաբերել, միշտ աջակցել են ու յուրաքանչյուր հաջողությանս մեջ ունեցել են իրենց ներդրումը։
- Ըստ Ձեզ՝ ի՞նչ կարևորություն ունի կրթությունը։
- Իմ կարծիքով, առանց կրթության մարդու համար կյանքը շատ դժվար կլինի։ Կրթությունը ոչ միայն գիտելիքներ է տալիս, այլ բերում է մարդուն կրթական միջավայր, որը նպաստում է անհատի զարգացմանը։ Մարդն առանց կրթական միջավայրի չի կարող հաջողել, կամ կհաջողի, սակայն շատ մեծ դժվարությամբ։ Ըստ իս՝ կրթությունը կյանքի դասեր է տալիս, որոնք պետք են լինելու միշտ և հեշտացնելու են կյանքը։
- Որտե՞ղ եք Ձեզ պատկերացնում 5 տարի անց։
- Հույս ունեմ, որ հինգ տարի հետո ունենալու եմ բիոինֆորմատիկայով զբաղվող իմ սեփական կազմակերպությունը, որը, համագործակցելով տեղական ու միջազգային բժշկական հաստատությունների հետ, նրանց կողմից տրամադրված կենսաբանական տվյալների հիման վրա իրականացնելու է ճշգրիտ հաշվարկներ և եզրակացություններ՝ օգնելով բժշկության և գիտության զարգացմանը։