Մարդկությանը օգնելու համար․ Սերինե Գևորգյան
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիրի» շրջանավարտներն իրենց ուսումն են շարունակում Հայաստանի և աշխարհի լավագույն բարձրագույն կրթական հաստատություններում։
Մենք որոշել ենք պատմել մեր շրջանավարտների մասին՝ նրանց օրինակով ոգևորելով ԳԱՈՒՍ-ի աշակերտներին։
Մեր հերթական զրուցակիցն է 2023-2024 ուսումնական տարվա շրջանավարտ Սերինե Գևորգյանը։
Սերինեն ընդունվել է Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ և սովորելու է «Հոգեբանություն» կրթական ծրագրով։
–Սերինե, ինչո՞ւ եք ընտրել հենց այս մասնագիտությունը։
-Ես շատ եմ սիրում շփվել մարդկանց հետ, ծանոթանալ նրանց ներաշխարհին ու բացահայտել այն։ Ընտրել եմ հոգեբանի մասնագիտությունը, քանի որ շատ եմ ուզում օգնել մարդկությանը։
-Որո՞նք են եղել դպրոցում Ձեր ամենավառ հիշողությունները։
-Դպրոցական տարիները առհասարակ շատ հետաքրքիր էին։ Իմ ամենավառ հիշողությունները կապված են Վերջին զանգի պատրաստության հետ։ Այդ ընթացքում մենք՝ ընկերներով, ավելի միասնական դարձանք։ Բացի այդ շատ մտերմացանք նաև մեր ուսուցիչների հետ, ձևավորվեցին ավելի ջերմ հարաբերություններ։ Այդ ընթացքը շատ լավ եմ հիշում, քանի որ կար զգացողություն, որ կյանքի նոր փուլ է սկսվում։
-Որո՞նք են եղել դպրոցում Ձեր ամենասիրելի առարկաները։
- Մեր «Գրականություն» առարկայի ուսուցիչ Արշալույս Գալստյանի շնորհիվ շատ եմ սիրել հենց գրականությունը։ Այն մարդու համար նոր աշխարհ է բացում ու զարգացնում է երևակայությունը։ Սիրում եմ հատկապես Ակսել Բակունցի և Եղիշե Չարենցի ստեղծագործությունները, պարբերաբար վերընթերցում եմ։
- Արդեն որպես ուսանող, ինչպե՞ս կգնահատեք ԳԱՈՒՍ–ում կրթության որակը։
- Մեր ստացած կրթությունը շատ բարձր որակի էր։ Ես կարծում եմ, որ Հայաստանում քիչ դպրոցներ կան, որտեղ կարելի է այսքան հնարավորություններ ունենալ ու այսչափ գիտելիք ստանալ։
- Բացի կրթությունից, էլ ի՞նչ է տվել Ձեզ դպրոցը։
- Շատ լավ ընկերներ։ Եվ այդ ընկերները ոչ միայն իմ դասընկերներ են, այլև ուսուցիչները։ Իմ դասղեկ Սմբատ Խալաթյանը դարձել է ավագ ընկեր։ Նրա խորհուրդներն ուղեկցում են ինձ իմ կյանքի նոր փուլում։
-Ըստ Ձեզ, ի՞նչ կարևորություն ունի կրթությունը։
– Կրթությունը անգնահատելի կարևորություն ունի անհատի և հասարակության համար։ Անհնար է որևէ տեղում հաջողել առանց կրթության։ Կրթության բացակայությունը կարող է հանգեցնել դժբախտ պատահարների ու միջադեպերի։ Ես կարծում եմ, որ առանց կրթության աշխարհը շատ վտանգավոր տեղ կլիներ։
-Որտե՞ղ եք պատկերացնում Ձեզ հինգ տարի անց։
- Հինգ տարի անց ես կդառնամ լավ մասնագետ ու կլինեմ գործող հոգեբան, որն օգնում է մարդկանց ավելի լավը դարձնել սեփական կյանքն ու աշխարհը։