Ա. Հակոբյանն ընդունել է ՏՏ ոլորտում պարգևների արժանացած ԳԱՈՒՍ սաներին
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Ա. Հակոբյանն ընդունել է ՏՏ ոլորտում պարգևների արժանացած Ուսումնա-սպորտային համալիրի սաներին:
Ա. Հակոբյանը շնորհավորել է մրցանակակիրներին և նշել, որ կրթական այս մրցանակը շատ կարևոր և նշանակալի իրադարձություն է նրանց կյանքում: Ինչպես ընդգծել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրենը, «սա մեր աշակերտների առաջին և վերջին հաղթանակը չէ, քանի որ մեր դպրոցն ունի լուրջ ռեսուրս, որը ապահովում է նման հաղթանակների շարունակականությունը»:
«Ձեր ձեռքբերումները ևս մեկ անգամ փաստում են, որ մեր դպրոցը լավ հիմք է ստեղծում որակյալ կրթություն ստանալու, աշակերտների բազմակողմանի զարգացման համար: Այն գիտելիքները, որ դուք ստանում եք մեր դպրոցում, հիմք են հանդիսանում հետագա հաջող ուսումնառության համար հայաստանյան և արտասահմանյան լավագույն բուհերում», — նշել է Ա. Հակոբյանը:
Հանդիպման ընթացքում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-գլխավոր տնօրենը զրուցել է ՈւՍՀ-ի սաների հետ, հետաքրքրվել բուհի և ապագա մասնագիտության ընտրության հարցում նրանց ծրագրերից:
Այս տարի 37 հաղթողներ՝ 31 ուսանող և 6 աշակերտ, արժանացել են ՏՏ ոլորտում լավագույն ուսանողների ամենամյա կրթական մրցանակների: Մրցանակակիրներից 5-ը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Ուսումնա-սպորտային համալիրի սաներն են:
«Լավագույն աշակերտ» անվանակարգում 1-ին կարգի մրցանակի են արժանացել Մարկ Հակոբյանը, Վահե Թադևոսյանը և Լիանա Դարբինյանը, 2-րդ կարգի մրցանակի է արժանացել Սամվել Դանիելյանը:
2024 թվականի ՏՏ ոլորտում «Գլխավոր մրցանակ աշակերտների համար» անվանակարգում Գրան Պրին շնորհվել է Ուսումնա-սպորտային համալիրի 2023–2024 ուստարվա շրջանավարտ Լինա Մեջլումյանին։