Մեր սանի աշխատանքը ցուցադրվել է նկարչական մրցույթ-փառատոնին

Գեղագիտության ազգային կենտրոնը ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացրել է «Շառլ Ազնավուր 100» և «Սերգեյ Փարաջանով 100» համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնը, որին մասնակցել են նաև «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիրի» սաները։

Ավելի քան 700 հայ հեղինակ Հայաստանից և Սփյուռքից իր ուժերն է չափել հայ մեծանուններին նվիրված մրցույթում, և նրանցից 104–ի աշխատանքները լավագույնն են ճանաչվել ու փառատոնի շրջանակում ցուցադրվել են Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնում։

Ցուցադրված աշխատանքների թվում է եղել նաև մեր սան, 6-րդ բ դասարանի աշակերտուհի Անի Մաթևոսյանի պատրաստած կոլաժը՝ նվիրված Սերգեյ Փարաջանովին։

Աշակերտուհին նշել է, որ իր համար մեծ պատիվ է լինել լավագույնների ցանկում։ Նա նաև շնորհակալություն է հայտնել նկարչության ուսուցչուհի Լիլիթ Ֆլջյանին իրեն ստեղծագործական ազատություն տալու և մշտապես աջակցելու համար։