«Գազպրոմ Արմենիա» «Ուսումնա-սպորտային համալիրը» դիմավորեց իր առաջին դասարանցիներին
Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ «Գազպրոմ Արմենիա» «Ուսումնա-սպորտային համալիրում» անցկացվեց հանդիսավոր միջոցառում, որին մասնակցում էին Կրթահամալիրի տնօրինությունը, աշխատակիցները, առաջին դասարանների աշակերտներն ու նրանց ծնողները։
Հանդիսավոր արարողության սկզբում ներկաներին ողջունեց և ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ շնորհավորեց Կրթահամալիրի տնօրեն Ալեքսանդր Գրիգորյանը։ Նա նշեց, որ «Գազպրոմ Արմենիա» «Ուսումնա-սպորտային համալիրը» դպրոցի և մանկապարտեզի սաների ընդհանուր թվով ՀՀ կրթահամալիրների շարքում արդեն զբաղեցնում է 2-րդ տեղը՝ ունենալով ավելի քան 1000 սան։ Իր ելույթում տնօրենն անդրադարձավ նախորդ տարվա նվաճումների կրթության, սպորտի և մշակույթի ոլորտում։
Դիմելով առաջին դասարանցիներին Ա․ Գրիգորյանն ասաց, -«Այսօր մենք ձեզ ենք փոխանցում մեր բոլոր նվաճումների ժառանգությունը և մաղթում լինել բանիմաց, ուժեղ և տոկուն մեծ երազանքների ու ձեռքբերումների նոր սկսվող ճանապարհին։ Համատեղ ուժերով մենք կիրականացնենք ձեզնից յուրաքանչյուրի երազանքը ու կստեղծենք հնարավորություններ, որպեսզի դուք լինեք աշխատասեր ու դառնաք լավագույն կրթահամալիրի լավագույն աշակերտները»։
Շնորհավորական խոսքերից հետո սեպտեմբերի 1-ի կապակցությամբ հյուրերի համար ելույթ ունեցան դպրոցի սաները։ Այնուհետև «Ուսումնա-սպորտային համալիրի» առաջին դասարանցիները դասղեկների ուղեկցությամբ գնացին դասասենյակներ՝ սկսելու ուսումնական առաջին տարին։