Ռազմի շունչը պարերում․ «Մենք» ազգային պարի խումբը ԳԱՈՒՍ–ում է
Կարևորելով ազգային պարի մշակույթն ու դրա տարածումը՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիրում» անց է կացվել բաց դաս, որը վարել է «Մենք» ազգային պարի խմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար և «Մենք» կրթամշակութային հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Ստեփան Թորոյանը։
Մինչ դասի մեկնարկը ԳԱՈՒՍ–ի աշխատակիցներն ու սաները մեր րոպե լռությամբ հարգանքի տուրք են մատուցել ազգային մշակույթի զարգացման ու տարածման գործում մեծ ավանդ ունեցած, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ և Արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանի հիշատակը։
Դասի սկզբում Ս․ Թորոյանը պատմել է, որ հայկական ազգային մշակույթին տիրապետելը հավասարազոր է դրա պահպանությանը։
«Շարժումները պարի մեջ, էթնիկ մշակույթի մեջ երկրորդական են, կարևոր է, թե դու ինչ ես զգում պարելիս և ինչ գաղափարներ ես վերցնում։ Հուսով եմ, որ այսուհետ ազգային պարը ձեր մեջ տպավորվելու է որպես ուժեղ ու հզոր մաս մեր մշակույթի»,- ասել է նա։
Դասի տեսական կողմի ավարտից հետո աշակերտները հյուրի և ԳԱՈՒՍ–ի աշխատակիցների հետ սովորել և պարել են ազգագրական պարեր։