Գաղափարից՝ բիզնես «Գործարարության հիմունքներ» առարկայի շրջանակում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիրի» դպրոցում լրացուցիչ կրթական ծրագրերից է «Գործարարության հիմունքներ» առարկան, որի շրջանակում 8 և 9-րդ դասարանցիները սովորում եմ գաղափարները վերածել շահավետ բիզնեսի։
Գործարարությունն էլ ավելի լավ պատկերացնելու համար որոշվել է կիսամյակն ամփոփել պրակտիկ փորձով՝ ցուցադրություն–տոնավաճառով։
Դասընթացի արդյունքում քննարկվել են աշակերտների կողմից առաջարկված ծրագրերը, իրականացվել է շուրջ 100 հարցում դպրոցում, հաշվարկվել է ապրանքների ինքնարժեքը և կյանքի կոչվել լավագույն գաղափարը։
Աշակերտների կողմից հիմնած ձեռնարկության առաջնային նպատակը եղել է սոցիալական որևէ խնդրի լուծումը, և այդ խնդրի լուծման համար ձեռնարկության մասնակիցները պատրաստ են տրամադրել իրենց վաստակած շահույթի մի մասը։ Սա սոցիալական ձեռնարկության օրինակ է, քանի որ աշակերտներն իրենց աշխատանքի դիմաց վաստակած շահույթի 50%–ը հատկացնելու են դպրոցում իրականացվող Բարեգործական տոնավաճառին, իսկ մնացած մասը ներդնելու են նոր ծրագրերի մեջ։
Այսօրինակ նախագծերը միավորում են աշակերտներին մեկ գաղափարի շուրջ և օգնում պատկերացում կազմել սեփական կարողությունների մասին։
Դասընթացի մասնակից 8-րդ ա դասարանի աշակերտուհի Դանիելա Ղազարյանն ասել է, որ «Գործարարության հիմունքներ» անցնելիս բիզնեսի մասին շատ գիտելիքներ է ձեռք բերել, որոնց շնորհիվ այսօր կայացել է ցուցադրություն–տոնավաճառը, որտեղ ինքը ներկայացրել է իր ձեռքով գործած տոնածառի խաղալիքներ։
«Օրինակ ես լավ գործում եմ, և առաջարկել եմ վաճառել իմ գործած խաղալիքները։ Հետագայում տեսականուն ավելացրել ենք նաև թխվածքաբլիթների ու շոկոլադներ։ Այսօր արդեն գրեթե ամեն ինչ վաճառվել է»,– ասել է նա։
Աշակերտուհին նշել է, որ դասընթացի ու այս բիզնես նախաձեռնության շնորհիվ հասկացել է, թե ինչպես կարելի է ստեղծել բիզնես և գումար վաստակել սեփական աշխատանքով։