ԳԱՈՒՍ–ը՝ «Արցախի արվեստագործների միության» համար
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկն ամանորյա բարեգործական ցուցահանդես-տոնավաճառից գոյացած հասույթի մի մասը, որը հավաքագրվել է ԳԱՈՒՍ–ի աշխատակիցների կողմից, տրամադրել է «Արցախի արվեստագործների միություն» հասարակական կազմակերպությանը։
Հավաքագրված միջոցները հանձնելու համար Հիմնարկի տնօրեն Ալեքսանդր Գրիգորյանը հյուրընկալել էր «Արցախի արվեստագործների միություն» հասարակական կազմակերպության համահիմնադիր Իրա Թամրազյանին և նույն հասարակական կազմակերպության նախագահ Արմինե Գասպարյանին։
Հանդիպմանը ներկա էին նաև Հիմնարկի աշխատակազմի անդամներն ու Աշակերտական խորհրդի ներկայացուցիչները։
Հանդիպման սկզբում Ա․ Գրիգորյանը ընդգծել է, որ արդեն երկրորդ տարին է, ինչ ցուցահանդես-տոնավաճառից գոյացած հասույթի որոշ մաս ուղղվում է «Արցախի արվեստագործների միություն» հասարակական կազմակերպությանը։
«Դուք շատ կարևոր գործ եք անում և մենք ուզում ենք մեր ներդրումն ունենալ՝ նպաստելով Ձեր կենտրոնի երեխաների ստեղծագործական հմտությունների զարգացմանը»,– նշել է տնօրենը՝ հանձնելով հավաստագիրն ու աշակերտների ձեռքով պատրաստած հուշանվերը։
Ի․ Թամրազյանը, շնորհակալություն հայտնելով ցուցաբերած վերաբերմունքի համար, նշել է, որ կենտրոնն հնարավոր ամեն ինչ անում է Արցախի մշակույթի տարածման համար և այս հանգանակությունը կծառայի իր նպատակին։
«Ես շատ ուրախ եմ, որ Ձեզ պես բարի մարդիկ օգնում են մեր երեխաներին։ Նաև շատ շնորհակալ եմ, որ հրավիրել եք մեր սաներին դիտել Ձեր ամանորյա ներկայացումը։ Հուսով եմ, որ սա սկիզբ կդնի նաև աշակերտական շփմանն ու համագործակցությանը»,– ասել է նա և հիմնարկին նվիրել իրենց կենտրոնում պատրաստված «Այբուբեն» ձեռագործ աշխատանքը։
ԳԱՈՒՍ աշակերտական խորհրդի նախագահ Եվա Բարսեղյանը հանդիպման վերջում խոստացել է կապեր պաշտպանել հասարակական կազմակերպության սաների հետ՝ զարգացնելով փոխգործակցությունը։
Հանդիպումից հետո ՀԿ ներկայացուցիչներն ու սաները դիտել են ԳԱՈՒՍ թատերախմբի պատրաստած «Անտառի զավակները» ամանորյա ներկայացումը։