ԳԱՈՒՍ–ի հաղթանակած թատերախումբը Դրամատիկական թատրոնի բեմում է
Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի կողմից կազմակերպված «Եվ ես այնտեղ էի...» խորագիրը կրող դպրոցական ներկայացումների փառատոնում հաղթած հինգ դպրոցների շարքում ընդգրկված «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիրի» թատերախումբը ելույթ է ունեցել Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնում։
Միջոցառման հանդիսավոր բացման արարողության սկզբում Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը ողջունել է ներկաներին և շնորհակալություն հայտնել ռուս բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինի 225-ամյակին նվիրված փառատոնի կայացմանն աջակցողներին։
«Նախագծի անվանումը, ըստ իս, շատ խոսուն է՝ «Դպրոցական դահլիճից մինչև մասնագիտական բեմ»։ Վստահ եմ, որ հաջորդ տարի մենք կկարողանանք ընդլայնել մասնակիցների աշխարհագրությունը, և Հայաստանի այլ մարզերի դպրոցները նույնպես հնարավորություն կունենան հանդես գալ այս մեծ բեմում»,- ասել է նա և շնորհավորել հաղթողներին։
ԳԱՈՒՍ թատերախմբի գեղարվեստական ղեկավար Արմեն Քուշկյանը պարգևատրման արարողության ժամանակ բեմից շնորհակալություն է հայտնել ընձեռված հնարավորության համար,- «Սա մեծ հնարավորություն է, որը երեխաների համար նոր հորիզոններ կբացի։ Ես շնորհակալ եմ փառատոնի կազմակերպիչներին և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիրի» ղեկավարությանն ու ամբողջ անձնակազմին մեր համարձակ մտքերն իրականություն դարձնելու համար»։
Մրցանակների հանձնման արարողությունից հետո հաղթող ճանաչված դպրոցների թատերախմբերը ելույթ են ունեցել մեծ բեմի վրա։ Ներկայացումների շարքը բացելու պատվավոր առաքելությունն էր ստանձնել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիրի» թատերախումբը «Հեքիաթ ձկնորսի և ձկան մասին» ներկայացմամբ։
Ներկայացումը կարող եք դիտել այստեղ։