Անհատական բրենդի գրաֆիկական փաթեթի ներկայացում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիրի» 8-9-րդ դասարանների աշակերտները, որոնք հաճախում են լրացուցիչ կրթության բաղադրիչ հանդիսացող «Գրաֆիկական դիզայնի» խմբակ, ուսումնական տարին ամփոփել են  իրենց ստեղծած հեղինակային բրենդի ներկայացմամբ։

Նախագծային ուսուցման շրջանակում սաներն ուսումնասիրել են գրաֆիկական դիզայնի ծրագրեր և աշխատել են բրենդի գաղափարի, լոգոյի ձևավորման, բրենդի արժեքների և վիզուալ ոճի վրա՝ արդյունքում կազմելով իրենց գրաֆիկական փաթեթը։

Բաց դասի ընթացքում նրանք ներկայացրել են օծանելիքի,մեքենայի, հագուստի, աքսեսուարների, սուրճի, պաղպաղակի, փքաբլիթի, ժամացույցի և այլ բիզնես գաղափարների բրենդավորում։ Նրանք պատմել են, թե ինչպես է առաջացել գաղափարը, ինչպես են ընտրել բրենդի անունը, կատարել ուսումնասիրություն ու ձևավորել ապրանքանիշի ոճը։

«Գրաֆիկական դիզայն» առարկայի ուսուցիչ Տաթև Բեժանյանը մեզ հետ զրույցում պատմել է, որ  աշակերտները մեծ ուսումնասիրություն են կատարել այս աշխատանքն անելու համար. «Մենք դասընթացի ժամանակ սովորել ենք «CorelDraw», «Adobe Photoshop», «Adobe Illustrator» ծրագրերը, որոնք որպես գործիք կիրառվել են բրենդը ստեղծելու համար։ Աշակերտների մի մասը տպագրել  է իր բրենդի վիզուալ օրինակներ՝ պաղպաղակի բրենդը ներկայացնելու համար աշակերտուհին կավի խմբակում պատրաստել է պաղպաղակ, տպագրել փաթեթավորման թուղթը և սրճարանի մենյուն։

«Բավականին կարճ ժամանակահատվածում սաները լավ սերտել են ծրագրերն ու գրագետ տիրապետում են դրանց։ Նրանք սովորել են ոչ միայն ստեղծել  բրենդ, այլև կարողացել են իրենց ստեղծագործական միտքը վերածել գաղափարի, ոճի և ինքնության: Հաշվի առնելով այս ամենը՝ աշակերտների աշխատանքը գնահատում եմ գերազանց»,– նշել է առարկայական ուսուցիչը։