Հրաժեշտ Այբբենարանին
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի 1-ին դասարանցիները ցուցադրել են առաջին ուսումնական տարվա ընթացքում ստացած գիտելիքներն ու ձեռքբերումները՝ «Հրաժեշտ Այբբենարանին» խորագիրը կրող միջոցառումների շրջանակում։
Ամեն դասարան հանդես է եկել յուրօրինակ ներկայացմամբ՝ պատմելով սիրելի դարձած դպրոցի, ուսուցիչների և դասընկերների մասին։
Ձեզ ենք ներկայացնում միջոցառումների հոլովակները․
1-ին ա դասարան՝ https://www.youtube.com/watch?v=ZxR5f7Fa9Y0
«Բնապահպաններ» դասարանը բոլորին հրավիրել էր մասնակցելու «Այբբենարանի կախարդական պարտեզը» խորագրով միջոցառմանը, որտեղ միավորվել էին բնությունն ու հայոց տառերը։ Գրաճանաչ աշակերտներն իրենց պարով, երգով և ասմունքով գովերգել են հայոց այբուբենը, խաղաղությունը, բարությունն ու մայր բնությունը։ Նրանք սիրով հրաժեշտ են տվել Այբբենարանին՝ խոստանալով այգին դարձնել ավելի գեղեցիկ, իսկ հայերենը՝ մշտապես սիրել ու պահպանել։
«Այբբենարանի կախարդական պարտեզում հյուսվեց մի պատմություն, որը դեռ շարունակվելու է յուրաքանչյուր գրաճանաչ բնապահպանի գրչով։ Հազար մղոն երկարությամբ ճանապարհը սկսվում է առաջին քայլից», – ասել է դասվար Լիլիթ Մելիքյանը՝ շնորհավորելով «Բնապահպաններ» դասարանին։
1-ին բ դասարան՝ https://www.youtube.com/watch?v=_qyo9Owe09o
«Գիտակներ» դասարանը «Հրաժեշտ Այբբենարանին» միջոցառման ընթացքում մի հեքիաթային ուղի է անցել Փոքրիկ իշխանի հետ։ Այդ ուղին տանում էր այնտեղ, որտեղ արվեստը բացում է սրտերը, մաթեմատիկան՝ միտքը, իսկ մայրենին՝ հոգին։
Նրանք սովորել են տեսնել թաքնված գեղեցկությունը, ընկալել թվերի կախարդանքը և սիրել հայ խոսքը։ Բացելով այբուբենի դռները՝ «Գիտակները» վստահորեն անցել են դեպի գիտելիքի նոր աշխարհներ։
«Թող այդ խորհրդանշական ուղևորությունը դառնա առաջին կայանը մի կյանքի, որտեղ սովորելը հեքիաթ է, ստեղծագործելը՝ ուրախություն, իսկ խոսքը՝ սեր», – աշակերտներին շնորհավորել է դասվար Հասմիկ Ավետիսյանը։
1-ին գ դասարան՝ https://www.youtube.com/watch?v=1QIOB6VG1Ik
«Տիեզերագնացներ» դասարանը ներկայացել է «Հայաստանը մենք ենք» խորագրով միջոցառմամբ։
«Սիրելի աշակերտներ, ցանկանում եմ, որ միշտ մնաք նույնքան ոգևորված, ջերմ և նպատակասլաց։ Թող ձեր ճանապարհը միշտ լուսավոր լինի՝ լի հաջողություններով, բացահայտումներով և երջանիկ պահերով։ Ուսումնասիրեք, ստեղծագործեք, երբեք մի վախեցեք դժվարություններից, որովհետև դրանք կոփում են մեզ և դարձնում ավելի ուժեղ», – «Տիեզերագնացներ» դասարանին շնորհավորել է դասվար Լիանա Ավետիսյանը։
1-ին դ դասարան՝ https://www.youtube.com/watch?v=_FG4UlvyxgM
«Երիցուկներ» դասարանի աշակերտներն ամփոփել են իրենց մեկամյա տարեգրությունը «Փոքրերի մեծ աշխարհը» խորագրով միջոցառմամբ։
Նրանք ներկայացել են իրենց տեսակին բնորոշ՝ ուրախ, պայծառ, աշխույժ ու վառ կերպարներով։ Մանկության խաղերից նրանք հասել են մինչև գրքերի ու գրաճանաչության կախարդական աշխարհը, կարևորել են հայրենիքի դերը, իսկ հյուրերին մաղթել են խաղաղ ու լուրթ երկինք։
«Սիրելի՛ երիցուկներ, ցանկանում եմ, որ ձեր կյանքը լինի վառ գույներով, տպավորություններով ու գիտելիքներով լի։ Թող անսպառ եռանդը միշտ ուղեկցի ձեզ, իսկ ես խոստանում եմ միշտ լինել ձեր կողքին»,– աշակերտներին շնորհավորել է դասվար Նարինե Բարեղամյանը։
1-ին ե դասարան՝ https://www.youtube.com/watch?v=sIm6vzWXaoM
«Մեղուներ» դասարանը ներկայացրել է «Դեպի երազանք» խորագիրը կրող միջոցառումը։
«Սիրելի՛ աշակերտներ, երազե՛ք, նպատակ դրե՛ք ձեր առջև, գնահատե՛ք ամեն մի քայլը, որ դեպի երազանք է տանում։ Ուշադրություն դարձրե՛ք այն ամենին, ինչ հանդիպում է ձեզ կյանքի ամենասովորական օրերի մեջ», – սաներին շնորհավորել է դասվար Քրիստինե Ազարյանը։
1-ին զ դասարան՝ https://www.youtube.com/watch?v=xVB0Dca-Qr8
«Ժպիտներ» դասարանը ներկայացրել է «Պարահանդես» խորագիրը կրող միջոցառումը։
«Սիրելի՛ աշակերտներ, ցանկանում եմ, որ մանկությունից դեպի դպրոց տանող ճանապարհը միշտ հարթ ու կանաչ լինի։ Թող այն լավատեսությունն ու հավատը, որով դուք մուտք գործեցիք դպրոց, երբեք չլքի ձեզ։ Եղե՛ք վստահ, հաստատակամ ու համարձակ, մի՛ երկնչեք դժվարություններից, պայքարե՛ք և քայլեք դեպի գիտելիքի աշխարհ», – աշակերտներին շնորհավորել է դասվար Աննա Միրիբյանը։
1-ին ռուսական դասարան – https://www.youtube.com/watch?v=tr5ZjT3VaFI
Դասարանի սաները հրաժեշտ են տվել Այբբենարանին և կիսվել իրենց գիտելիքներով Բուրատինոյի, Անիմանալու, Մալվինայի, Գիտակի և Կրիա Տորտիլայի հետ։ Նրանցից յուրաքանչյուրը գիտի, թե որքան դժվար կարող է լինել ճանապարհի սկիզբը։ Բուրատինոն երկար ժամանակ չէր ուզում սովորել, բայց հիմա ուրախ է, որ կարողանում է կարդալ։ Անգետիկը նախկինում ամեն ինչ շփոթում էր, իսկ այժմ հպարտանում է իր առաջընթացով։
Սաները հրաժեշտ են տվել Այբբենարանին, սակայն ոչ գրքերին։ Այժմ նրանք բացահայտել են նոր դասագրքեր, գրավիչ պատմություններ և հետաքրքիր արկածներ։
«Տոնդ շնորհավոր, սիրելի՛ առաջին դասարանցի։ Թող առաջ ձեզ սպասեն միայն հաղթանակներ, գիտելիքի ճանապարհը լինի վառ, հետաքրքիր և բարի։ Կեցցե՛ Այբբենարանը։ Կեցցե՛ մեր ընկերությունը գրքերի հետ», – աշակերտներին շնորհավորել է դասվար Քրիստինա Միրիջանյանը։