«Ապագայի գիտնականներ» միջազգային նախագիծը ԳԱՈՒՍ-ում
«Ապագայի գիտնականներ» միջազգային նախագծի պատվիրակությունն այցելել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկ՝ հնարավորություն տալով ավագ դպրոցի աշակերտներին հանդիպելու ռուսաստանյան առաջատար գիտնականների հետ և մասնակցելու տարբեր գիտական ուղղություններով մասնագիտական դասախոսությունների։
Մինչ ծրագրի մեկնարկը հյուրերին ողջունել են համալիրի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էմին Սանթրոսյանն ու նրա տեղակալները։ Նրանք շնորհակալություն են հայտնել պատվիրակությանը այցի համար՝ կարևորելով նման կրթական նախաձեռնությունների դերը սովորողների գիտական հետաքրքրությունների խթանման և մասնագիտական կողմնորոշման գործում, ինչպես նաև մաղթել արդյունավետ աշխատանք։
Ծրագիրը մեկնարկել է ինտերակտիվ դաս-քննարկմամբ, որի ընթացքում տեխնիկական գիտությունների դոկտոր, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի պրոֆեսոր Վլադիմիր Մարտիրոսյանը ներկայացրել է «Տիեզերական հացը․ գաղափարից մինչև առաջին թռիչք» թեմայով դասախոսությունը։ Գիտնականը պատմել է տիեզերագնացների համար հացի ստեղծման պատմության, ինչպես նաև դրա արտադրության, պահպանման և տիեզերքում օգտագործման հետ կապված գիտական ու տեխնոլոգիական խնդիրների մասին։
Այնուհետև ավագ դպրոցի աշակերտները, ըստ իրենց հետաքրքրությունների, մասնակցել են երեք ուղղություններով կազմակերպված մասնագիտական սեկցիոն դասախոսություններին՝ բնագիտական, հումանիտար և ֆիզիկամաթեմատիկական։
Բնագիտական սեկցիայի շրջանակում քիմիական գիտությունների դոկտոր, ՌԳԱ պրոֆեսոր Վադիմ Նեգրեբեցկին հանդես է եկել «Բժշկական քիմիայի ներածություն, կամ ինչու է ապագա բժշկին անհրաժեշտ քիմիան» թեմայով։ Դասախոսության ընթացքում աշակերտները ծանոթացել են դեղամիջոցների մշակման ժամանակակից մոտեցումներին, բժշկական քիմիայի ոլորտում արհեստական բանականության կիրառման հնարավորություններին։
Հումանիտար սեկցիան վարել են բանասիրական գիտությունների թեկնածուներ, Ա. Ս. Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտի ճանաչողական և լեզվաբանական հետազոտությունների լաբորատորիայի ներկայացուցիչներ Տատյանա Վեսելովսկայան և Մարիա Լեբեդևան։ «Ինչպե՞ս հաղթահարել բարդ տեքստը․ օգտակար հնարքներ դպրոցականների համար» թեմայով դասախոսության ընթացքում մասնակիցներն ուսումնասիրել են բարդ տեքստերի ընկալման առանձնահատկությունները, ծանոթացել հիշողության և ուշադրության մեխանիզմներին, ինչպես նաև գործնականում փորձարկել արդյունավետ ընթերցանության մեթոդներ։
Ֆիզիկամաթեմատիկական սեկցիայի դասախոսությունը վարել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, ՌԳԱ պրոֆեսոր Իսկանդեր Կալիմուլինը։ «Ալգորիթմների տեսությունը և դրա կիրառությունները» թեմայով հանդիպումը նվիրված էր ալգորիթմների տեսության հիմնական սկզբունքներին, հաշվարկային խնդիրների լուծման մոտեցումներին և դրանց գործնական կիրառությանը։
Հանդիպումը ԳԱՈՒՍ-ի ավագ դպրոցի աշակերտներին հնարավորություն է տվել անմիջականորեն հաղորդակցվելու գիտնականների հետ, ծանոթանալու ժամանակակից գիտության տարբեր ուղղություններին և խորացնելու իրենց հետաքրքրող ոլորտների վերաբերյալ գիտելիքները։
Ծրագրի շրջանակում հանդիպումներ են կազմակերպվել նաև ԳԱՈՒՍ-ի ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչների համար։ Ա. Ս. Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտի դասախոսներ Անդրեյ Շչերբակովը և Էլմիրա Աֆանասևան անցկացրել են մասնագիտական սեմինարներ՝ նվիրված լեզվի ուսուցման գործընթացում նախագծահետազոտական գործունեության կիրառմանը և Ա. Ս. Պուշկինի սիրային քնարերգության վերլուծության մեթոդներին։