Արտալսարանային հանդիպում-դաս
Ուսումնական տարին մեկնարկեց բավականին արտասովոր պայմաններում՝ դիմակներ, հակահամաճարակային կանոններ, շփման սահմանափակում և այլն։ Դժգոհություններ, բնականաբար, կային, սակայն սկսվեց պատերազմը, և հասկացանք, որ հաճախ չնչին բաներին մենք չափազանց շատ ենք կարևորում։
Ուսուցիչ Արսեն Վարդանյանը նշում է, որ պատերազմը փոխեց բոլորիս կյանքի ընթացքը, մտածողության սահմանները, երազանքներն ու նպատակները։ Ցավ ու արցունք կոկորդում խեղդելով՝ հեռավար դասեր արեցինք՝ կարոտելով դպրոցում միմյանց հայացքով ու երբեմն առանց բառերի շփմանը։ Այս ընթացքում շատ կարևոր էր երեխաների հոգեվիճակի շտկման, բարելավման ուղղությամբ աշխատանքներ անել, քանի որ դրանից էր կախված ուսումնական գործընթացի արդյունավետությունը։
«7-րդ դասարանի աշակերտների հետ որոշեցինք մի կիրակի միասին անցկացնել։ Գնացինք կինոթատրոն։ Դիտեցինք մի ֆիլմ համադասարանցիների և նրանց տարբերվող դասղեկի մասին, հետո տաք շոկոլադ վերցրինք և վայելելով զբոսնեցինք Կասկադում։ Թեև եղանակը բավականին սառնաշունչ էր, բայց երեխաները հաճույքով բարձրացան Կասկադի աստիճաններով, հետո ցատկոտելով իջան։ Ամեն ինչ լավ էր․ գոհ էինք բոլորս։
Դե, բնականաբար, որոշեցինք մեկ լավ օր էլ միասին անցկացնել դպրոցից դուրս։
Այս անգամ «Թիմ Թայմ» կոչվող սիրուն ու տաքուկ վայրում քննարկեցինք Ջոն Բոյնի «Զոլավոր գիշերազգեստով տղան» գիրքը։ Մեզ միացել էին նաև մի քանի ծնողներ։ Իմիջիայլոց, դա նրանց առաջին հանդիպումն էր։ Երեխաները հետաքրքիր մտքերով փոխանակվեցին, ամենից աշխույժ մասնակիցներն էլ պարգևատրվեցին։
Ցանկացած առարկա դասավանդելու հիմքը, ըստ իս, սերն է։ Մենք սիրում ենք միմյանց. մեր զայրույթի մեջ անգամ սեր կա։ Մենք ուզում ենք ստեղծել առողջ, ստեղծագործ, փոխադարձ հարգանքի ու վստահության վրա հիմնված մթնոլորտ։ Ասում են՝ եթե մի բան շատ ես ուզում, անպայման լինում է»։